Գլխավոր դատախազությունն այսօր մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պատգամավորների միջնորդությունը։
Ըստ դատախազության՝ նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը
Այս մասին NEWS.am–ը զրուցել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ, ով նշել է, որ տպավորություն է ստացել՝ ընտրովի արդարադատություն է իրականացվում։
«Քոչարյանի կալանքի դեպքով իմ մոտ հստակ կասկածներ կան, որ Հայաստանում գործում է ընտրովի դատավարություն։ Դատախազության մերժումը համոզիչ չէ։ Ինչ պիտի աներ Քոչարյանը, որ կալանքից դուրս լիներ, պետք է փախնե՞ր Հայաստանից, Քոչարյանը թուրքերից չի փախել, ձեզնից ո՞ւր պիտի փախչեր։ Քոչարյանը փախնող լիներ, չէր գա։ Պատգամավորների 45 ստորագրությունը առանց հիմքերի մերժելը ինձ համար զարմանալի և տարակուսելի է»,–ասել է ԱԺ փոխխոսնակը։
Հարցին՝ միայն պատգամավորների միջնորդությունը մերժելու որոշման վրա հիմնվելո՞վ է պնդում, որ քաղաքական հետապնդում է իրականացվում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, Շարմազանովը պատասխանեց. «Ես էլի եմ ասում՝ 2 պատգամավորի ստորագրությամբ «Սասնա ծռեր»–ին՝ ահաբեկչություն իրականացնողներին ազատ եք արձակում, կալանքի միջոցը փոխում եք, և մարդը, որն ինքնակամ ներկայացել է, Արցախի հերոս է, Արցախի ու Հայաստանի նախագահ, դնում ենք մի կողմ ու քաղաքական մերժողականություն ենք ցուցաբերո՞ւմ, փորձում ենք թշնամու կերպար ստեղծե՞լ»։
Ըստ նրա՝ ՀՀԿ–ն մտավախություն չունի, որ անազատության մեջ գտնվող Քոչարյանը Մարտի 1–ի գործով ՀՀԿ քաղաքական վերնախավից անուններ կհրապարակի։ «Մենք ոչ մի մտավախություն էլ չունենք, ի՞նչ անուն պիտի հնչեցնի, Մարտի 1–ի վերաբերյալ ես իմ կարծիքը հայտնել եմ դեռևս 2008 թվականին։ Մենք Մարտի 1–ի բացահայտման ամենաշահագրգիռ կողմն ենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը