Եվրահանձնաժողովում անհանգստացած են, որ Կիպրոսը, Մալթան և Հունաստանը շատ են այսպես կոչված «ոսկե անձնագրեր» տրամադրում Չինաստանից, Ռուսաստանից և նախկին ԽՍՀՄ հանրապետություններից ժամանած անձանց: Հանձնաժողովը ծրագրում է սեպտեմբերին հրապարակել ԵՄ անդամ երկրների կողմից քաղաքացիության տրամադրման նոր նորմերը: Այդ մասին հայտնել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Վերա Յուրովան, գրում է Korrespondent.net-ը՝ հղում տալով Spiegel-ին:
Վերա Յուրովան ԵՄ երկրներին ավելի մեծ զսպվածության կոչ է արել երրորդ երկրներից անձանց քաղաքացիության տրամադրելիս: «Եվրահանձնաժողովը մեծ անհանգստությամբ հետևում է, այսպես կոչված, «ոսկե անձնագրերի» հետ կապված իրավիճակի զարգացմանը»,- նշել է Յուրովան՝ հավելելով, որ վերջին տարիներին աճել է ԵՄ երկրների անձնագրերի թիվը, որոնք ստացվել են բացառապես երկրի տնտեսությունում իրականացված ներդրումների հիման վրա կամ թանկ անշարժ գույք ձեռք բերելու արդյունքում:
Վերա Յուրովան նշել է Կիպրոսը, Մալթան և Հունաստանը: Այս երկրները կեցության երկարաժամկետ թույլտվություններ կամ լիարժեք քաղաքացիություն են տրամադրում Չինաստանի, Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ անդամ այլ երկրների քաղաքացիներին:
«Մենք Եվրամիությունում տրոյական ձիեր չենք ցանկանում: Որոշ երկրներ պետք է մեծ ջանքեր գործադրեն, որպեսզի քաղաքացիություն չստանան հանցագործները, որոնք կարող են վնասել Եվրոպայի անվտանգությանը կամ զբաղվել փողերի լվացմամբ»,- ընդգծել է Յուրովան:
Հիշեցնենք, որ 2013 թվականից Կիպրոսը քաղաքացիություն է տալիս այն անձանց, ովքեր առնվազն 2 միլիոն եվրոյի ներդրում են անում անշարժ գույքի ոլորտում, կամ 2.5 միլիոն եվրո՝ տարբեր ընկերություններում կամ պետական արժեքավոր փաստաթղթերում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը