06 08 2018

Ռոբերտ Քոչարյանը գրեթե համոզված էր, որ հայրենիքում նրան բանտարկում է սպասվում, սակայն ամեն դեպքում վերադարձավ. Վիգեն Հակոբյան

Ռոբերտ Քոչարյանը գրեթե համոզված էր, որ հայրենիքում նրան բանտարկում է սպասվում, սակայն ամեն դեպքում վերադարձավ. Վիգեն Հակոբյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը նոր ընդդիմադիր բևեռի ձևավորման կբերի, օգոստոսի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Նոր իրավիճակ է ստեղծվել, որի պարագայում ՀՀԿ–ն և ՀՅԴ–ն, ըստ էության, կարող են նոր ընդդիմություն ստեղծել։ Ռոբերտ Քոչարյանը գիտեր, որ Հայաստան վերադառնալով իրեն կկալանավորեն։ Երբ Միքայել Հարությունյանը հեռակա կերպով կալանավորման է դատապարտվում և հետախուզում է հայտարարվում նրա նկատմամբ, ապա Քոչարյանին դժվար չէր հասկանալ, որ հայրենիքում իրեն նույնպես կարող է բանտ սպասել, սակայն պետության նախկին ղեկավարն ամեն դեպքում վերադարձավ և ներկայացավ մարտի 1-ի գործով հարցաքննությանը», – կարծում է քաղտեխնոլոգը:

Ըստ նրա՝ Քոչարյանի նման որոշման համար մի քանի գործոն կարող էր ազդեցություն ունենալ.

«Կամ երկրորդ նախագահը անձեռնմխելիության արտաքին կամ ներքին երաշխիքներ ուներ, կամ նա լրջորեն որոշել է մեծ քաղաքականություն վերադառնալ, նույնիսկ եթե դա քրեական հետապնդում է ենթադրում։ Կամ բոլոր այդ գործոնները միասին: Նրա հենասյունը տվյալ պարագայում ՀՀԿ–ն է, իսկ հետագայում, հավանաբար, նաև ՀՅԴ–ն», – նշեց Վիգեն Հակոբյանը։

Փորձագետի կարծիքով, հավանաբար, ԲՀԿ–ում սպասում են արտասահմանյան դեսպանատների` Քոչարյանի կալանավորման վերաբերյալ բարձրաստիճան անձանց մեկնաբանությունների տեսքով ազդակներին։ Չի բացառվում, որ եթե այդ ազդակները հաճախակիանան, ԲՀԿ–ում կկողմնորոշվեն իրենց հետագա գործողությունների և հռետորաբանության հարցում։

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ նախարարի հայտարարությանը քաղտեխոլոգն ասաց. «Կարևոր նոտա կար Լավրովի հայտարարության մեջ, որ Հայաստանի նոր իշխանությունները խախտում են ինչ-ինչ պայմանավորվածություններ՝ նախկին իշխանությունների անձեռնմխելիության շուրջ։ Եվ այստեղ հարց է առաջանում՝ ում հետ է այդ համաձայնությունը եղել, որովհետև հրապարակավ այլ հայտարարություններ են եղել։ ՌԴ իշխանություններն ինչ-որ չափով բացում են քարտերը՝ ասելով, որ կան ինչ-որ պայմանավորվածություններ, որոնք խախտվել են։ Դա առիթ էր, որ ՌԴ-ն ինչ-որ կերպ պաշտոնապես արտահայտի իր իրական վերաբերմունքը:

Ակնհայտ է, որ ՀՀ իշխանություններն այդ առիթն ընձեռել են գոնե Խաչատուրովի դեպքում, որովհետև տեսանելի է, որ ինչ-որ պրոցեդուրաներ խախտվել են: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ինչ-որ լուծում գտնվեց՝ այնտեղից հասկացրին, այստեղ հասկացան, ՌԴ դեսպանը հանդիպեց ԱԱԾ ղեկավարի հետ, դրանից հետո ՀԱՊԿ-ի հարցը ոչ միայն լուծվեց, այլև Խաչատուրը վերադարձավ Մոսկվա, շարունակում է իր գործունեությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ