ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Երեկ՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանը նշել է, որ Արցախի ազատագրված տարածքները գրավյալ տարածքներ են, և դրանք պետք է վերադարձնել Ադրբեջանին, եթե հիմնախնդրի լուծումը դա է պահանջում:
ՀՅԴ Արցախի ԿԿ-ն այդ կապակցությամբ նիստ է գումարել, որի ավարտին ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը «Ապառաժ»-ին տեղեկացրել է ԿԿ որոշման մասին:
«Տիկին Թադևոսյանի հնչեցրած տեսակետի առիթով բազմաթիվ կոշտ արձագանքներ են եղել թե՛ Արցախում և թե՛ Հայաստանի Հանրապետությունում:
Անցած տասնամյակների ընթացքում մենք բազմիցս անդրադարձել ենք նման հայտարարությունների: Սակայն այդ տեսակետները երբեմն դիտարկվում էր որպես զգացական: Պետք է խոստովանենք, որ անցյալում այս կարգի տեսակետներ ներկայացնող քաղաքական գործիչների կամ անձերի նկատմամբ քրեական գործընթաց և համապատասխան պատժամիջոցներ չեն կիրառվել: Գուցե դա մեր թերությունն է եղել: Ստեղծված է նոր իրավիճակ. օրենքների գերակայության սկզբունքը նկատի ունենալով՝ ՀՅԴ Արցախի ԿԿ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկելու իրավական գործընթաց սկսելու համար:
Տիկին Թադևոսյանի հնչեցրած տեսակետը ԱՀ Սահմանադրությանը դեմ գնալու կոչ է: Այդ կոչով վտանգվում է Արցախի տարածքային ամբողջականությունը և Արցախի ինքնիշխան պետություն լինելու հանգամանքը:
Մեզ չի բավարարում քաղաքական ուժերի և անհատների քաղաքական գնահատականները: ՀՅԴ Արցախի ԿԿ-ն որոշել է հարցը տեղափոխել իրավական և քաղաքական դաշտ: Պաշտոնական գրությամբ դիմելու ենք Արցախի Հանրապետության նախագահին՝ որպես ԱՀ Սահմանադրության երաշխավոր, և ԱՀ դատախազությունից պահանջելու ենք համապատասխան միջոցներ ձեռնարկել»:
Հիշեցնենք, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ թեժ բանավեճ ծավալվեց մի կողմից լրագրողների և գրականագետ Դավիթ Գասպարյանի, մյուս կողմից՝ Հայ Ազգային Կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանի միջև: Նա պնդում էր, որ Արցախի ազատագրված տարածքները գրավյալ տարածքներ են, Արցախի հողերը չեն և ենթակա են վերադարձի. մյուսները նրան մեղադրում էին պարտվողականության և հակահայ քարոզի մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը