Российская газета-ն գրում է. «Պետության նախկին ղեկավարի ձերբակալությունը նախադեպ է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ հետխորհրդային տարածքի համար: Ռուսաստանում, սակայն, գրեթե ավելի մեծ արձագանք ստացավ նույն գործով ներգրավված մեկ այլ մարդու՝ ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի նախկին ղեկավար, այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ մեղադրանքի առաջադրումը:
Ռազմական դաշինքում ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող անձին մեղադրանքի առաջադրումը ստիպեց մի շարք մեկնաբանների խոսել Նիկոլ Փաշինյանի կառավարության կանխամտածված հակառուսական դեմարշի մասին, նրա առնչությամբ առանց այդ էլ կասկածներ կան Ռուսաստանի հետ դաշնակցային կապերին հանձնառության առնչությամբ, գրում է հեղինակը:
Այնուամենայնիվ, Հայաստանում, ինչպես նաև այլ պետություններում տեղի ունեցող իրադարձությունները բացառապես Արևմուտքի և Ռուսաստանի դիմակայության տեսակետից դիտարկելը, ինչպես դա սովոր են անել վերլուծաբանների մեծ մասը, նշանակում է պարզեցնել պատկերը:
Հայաստանն օրինակ է, թե ինչպես են զարգացման համաշխարհային միտումներն ի հայտ գալիս, մեղմ ասած, ոչ կենտրոնական երկրներում:
Նոր ալիքի քաղաքական գործիչները մեկ հասցեատու ունեն՝ սեփական ընտրողը, և նրանք ուշադրություն չեն դարձնում կամ գրեթե չեն դարձնում, թե ինչպես են իրենց գործողություններն անդրադառնում միջազգային հարաբերությունների վրա:
Ռուսաստանում ՀԱՊԿ գործող քարտուղարի նկատմամբ դատական հետապնդումն ընկալվում է որպես վիրավորական և ցուցադրական քայլ, հնարավոր է անգամ արտաքին ուժերի կողմից դրդված: Երևանում այդ որոշումը կայացնողները եթե անգամ մտածել են դրա միջազգային հետևանքների մասին, ապա ամենավերջում:
Կոռուպցիայի դեմ պայքարը, որը եղել է Փաշինյանի աջակիցների գլխավոր կարգախոսը, և հաստատված քաղաքական կլանների ազդեցությունից ազատվելը «հեղափոխական» իշխանության առաջնահերթությունն է: Երբ ղեկավարն իշխանության է գալիս փողոցային ցույցերի արդյունքում, նրան անհրաժեշտ են իր վճռականության ապացույցներ: Եվ «կողմնակի վնասները», ինչպես ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, ուշադրության չեն առնվում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը