01 08 2018

Լսելի չէ ոչ մի վայ քաղաքական գործչի խոսք, ում մտքով անցնում է պարտության քարոզ անել. Արթուր Աղաբեկյան

Լսելի չէ ոչ մի վայ քաղաքական գործչի խոսք, ում մտքով անցնում է պարտության քարոզ անել. Արթուր Աղաբեկյան

Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ, «Արցախի հերոս», Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի հայտարարությանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Արցախի և Հայաստանի իմ հայրենակիցներ, սիրելի մարտական ընկերներ, 1994թ. ի վեր Արցախի Պաշտպանական բանակում ծառայած և մարտական խնդիր կատարած սիրելի զինվորներ և սպաներ, դիմում եմ ձեզ՝ միացեք գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի կոչին.

«Հաշվի առնելով այս հանգամանքն ու տարածաշրջանում ստեղծված բարդ և վտանգավոր գործընթացները, Հայաստանի, Արցախի՝ մեր դաշնակիցների համար ընկալելի լինելու անհրաժեշտությունը, այսօրինակ հայտարարությունների շարունակման դեպքում, կոչ եմ անում արցախցիներին դուրս գալ փողոց և արցախցու կամքն ու վերաբերմունքն արտահայտել այս վտանգավոր գործընթացի վերաբերյալ»:

Չկա գոնե մեկ շաբաթ, որ չլինեմ առաջնագծում, չզրուցեմ մարտական խնդիր կատարող հրամանատարների և զինվորների հետ։ Նրանց և մեր բոլորի հայրենիքը սկսում է այն առաջնագծից, որտեղ նրանք ամեն օր մարտական խնդիր են կատարում։

Նրանք գիտեն, որ իրենցից յուրաքանչյուրը անուն առ անուն թիրախ է թշնամու համար, բայց երջանիկ են, որ պահում են այն հողը, որը ազատագրվել է իրենց ծնողների և եղբայրների արյամբ։ Լսելի չէ նրանց համար և ոչ մի վայ քաղաքական գործչի խոսք, ում մտքով անցնում է պարտության քարոզ անել։

Գործի անցնելու ժամանակն է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ