30 07 2018

Անցյալի վտանգները. ի՞նչ է սպառնում Հայաստանին Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը

Անցյալի վտանգները. ի՞նչ է սպառնում Հայաստանին Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը

Հայաստանի նախկին նախագահին 2008 թվականի «արյունոտ շաբաթվա» համար հետապնդելը նախադեպ դարձավ: Նախկինում ոչ ոք չէր համարձակվում մեղադրանքներ առաջադրել իրեն նախորդած պաշտոնյայի դեմ: Իսկ սա կասկածի տակ է դնում հանրապետությունում իշխանության ժառանգությունը: Այս մասին գրում է РБК-ն:

Այսօր աղմկահարույց գործերով Հայաստանում ոչ մեկին չես զարմացնի: Բարձրաստիճան պաշտոնաների և զինվորականների, ինչպես նաև նրանց հարազատների դեմ մեղադրանքները կոռուպցիայում և պաշտոնեական դիրքի չարաշահման հարցում օր օրի բազմապատկվում են: Իշխանության մաքրման և կարգուկանոնի հաստատման մտքերը հայկական նոր կառավարության համար դարձել են յուրօրինակ գործելաոճ: Սակայն Երևանի քաղաքային դատարանի որոշմամբ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի (1998-2008) կալանավորումը խիստ տարբերվում է այս ֆոնին: Նախ և առաջ որովհետև այն ունի հստակ քաղաքական բնույթ:

«Արյունոտ շաբաթ»

Մեղադրանքները կենտրոնացած են ոչ թե ֆինանսական խաբեությունների կամ պետական ունեցվածքի յուրացման, այլ Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու վրա՝ ուժի գործադրմամբ: Բացառված չէ, որ «տնտեսական հարցերով» պահանջ-մեղադրանքները կավելանան քննության և դատական վարույթի ընթացքում: Սակայն այսօրվա դրությամբ շեշտադրումն արված է տասը տարվա վաղեմության պատմության վրա: 2008 թվականի մարտի մեկի իրադարձությունները Հայաստանում նմանեցնում են 1905 թվականի հունվարի 9-ի «արյունոտ կիրակիին», երբ ցարական կառավարության կողմից՝ Պետերբուրգի բանվորների (140 հազարից ավելի) խաղաղ երթի մասնակիցները մասսայաբար գնդակահարվեցին:

 

Նախագահության անցումը Ռոբերտ Քոչարյանից Սերժ Սարգսյանին, ով տասը տարի անց հրաժարական տվեց բողոքի ալիքի ճնշման տակ, տեղի ունեցավ արտակարգ դրության և քաղաքացիական դիմակայության պայմաններում, որը հաջողվեց դադարեցնել, սակայն ոչ լուծել: Սրա մասին են վկայում Հայաստանի քաղաքացիների չափազանց ծայրահեղ, անձնական և էմոցիոնալ գնահատականները, որոնք այսօր հնչում են սոցիալական կայքերում և բլոգերում, ինչպես նաև պարզապես փողոցներում և մասնավոր զրույցներում:

Պանդորայի արկղը

Քոչարյանի կալանավորմամբ ստեղծվել է կարևոր ներքաղաքական նախադեպ: Խորհրդային Միության փլուզումից և Հայաստանի անկախանալուց հետո 4 նախագահ է փոխվել և երեք Սահմանադրություն: Երկիրն անցել է նախագահականից խորհրդարանական հանրապետություն դառնալու ուղին: Բազմաթիվ բողոքի ակցիաներ և սոցիալական ցնցումներ են եղել: Սակայն այս ողջ ընթացքում առաջնորդներից և ոչ մեկը կալանքի չի ենթարկվել, նույնիսկ եթե իշխանության փոփոխությունը, ինչպես դա եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի և Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության գալու դեպքում, տեղի է ունեցել, մեղմ ասած, իրավական գործընթացին անհամապատասխան: Տարբեր հայ ղեկավարների անձնական հարաբերությունները նույնպես հեռու են եղել իդեալից՝ երբեմն վերաճելով բաց դիմակայության: Եվ իհարկե, հատուկ ցանկության դեպքում այս կամ այն նախագահը կարող էր մեղադրանք առաջ քաշել իրեն նախորդած ղեկավարի դեմ. չէ՞ որ նրանցից յուրաքանչյուրի հետևում կային մեծ կամ փոքր մեղքեր:

Սակայն մինչ օրս ոչ ոք կարմիր գիծը չէր անցել: Եվ հենց դա էր Հայաստանը դարձնում նախկին ԽՍՀՄ տարածքում շատ հարցերում ունիկալ երկիր: Միայն այստեղ պաշտոնաթող նախագահը կարող էր երջանկություն զգալ գլխավոր նախընտրական մրցավազքում, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականին, կամ հրապարակայնորեն քննադատել իրեն նախորդողին, ինչպես Ռոբերտ Քոչարյանը:

Այժմ Հայաստանի նոր իշխանությունները բացել են Պանդորայի արկղը: Եվ դեռևս հստակ չէ, որ այսքանով կսահմանափակվեն: Մի կողմից, նրանց տրամաբանությունը հասկանալի է և ինչ-որ տեղ նաև արդարացված: Նրանք ցանկանում են խորհրդանշական գիծ քաշած լինել դարաշրջանում, «Նոր Հայաստանի» կերպարի հայտ ներկայացնել, որում 2008 թվականի մարտի մեկի դեպքերի պես իրադարձություններն անհնար կդառնան, ինչպես անհնար կլինեն տնտեսական և քաղաքական մոնոպոլիան, նեպոտիզմը և ընտրական արդարությունը:

Պոպուլիզմը և հետևանքները

Հայաստանում իշխանափոխության գործընթացը դեռևս ավարտված չէ: Սպասվում են Ազգային ժողովի և Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ: Հաշվի առնելով մայրաքաղաքի քաղաքապետարանի կարևորությունը ողջ հանրապետության համար, այս քարոզարշավը փաստացիորեն համազգային է: Կառավարությունը ժողովրդականության մեծ ռեսուրս ունի, սակայն այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համախոհների խմբակցությունները խորհրդարանում են և ավագանում փոքրամասնություն են կազմում: Ակնհայտ է ֆորմալ օրինականության և «ժողովրդական լեգիտիմության» ճեղքը: Ժամանակավոր կառավարությունը չի ցանկանում «ոչ ժողովրդական» քայլեր ձեռնարկել՝ կապված կոնկրետ սոցիալ-տնտեսական առաջադրանքների հետ, և վազում է դեպի պոպուլիզմը: «Անցյալի հետ հաշիվները մաքրելը» լիովին տեղավորվում է այս դիրքորոշման մեջ: Համենայն դեպս, չնայած տպավորիչ սիմվոլիկ քայլերին, իշխանությունը, որը փորձում է քաղաքական կարգուկանոնն արմատապես թարմացնել, ռազմավարական պլանում քիչ խնդիրներ չունի:

Նախ և առաջ, անխուսափելիորեն առաջ է գալիս իրավունքի կիրառման ընտրողականության հարցը: Այո, Քոչարյանն ուժ է կիրառել 2008 թվականին ցուցարարների դեմ, սակայն 1996 թվականին նման ճանապարհով գնաց նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա դեպքում ևս ամեն ինչ հարթ չէր ընտրությունների արդյունքների հարցում: Արդյո՞ք սա նշանակում է, որ նրա դեմ ևս պետք է դատական գործընթաց սկսվի: Եվ նրա հետ միասին նաև Սերժ Սարգսյանի դեմ, ով նոր իշխանության կողմնակիցներին մեղադրում էր ուզուրպացիայի փորձերի մեջ: Սակայն ի՞նչ տեսք կունենա այն պետությունը, որի առաջնորդներից յուրաքանչյուրը հրաժարականից հետո ուղարկվի դատապարտյալների նստարանին: Եվ պետությունն էլ երիտասարդ է, կոնֆլիկտի, շրջափակման, իշխանության ինստիտուտների ձևավորման միջով անցած, այսինքն՝ այն փուլի միջով, երբ զարգացած ժողովրդավարական համակարգերի կանոններն ու նորմերը պարզապես չեն կարող համապատասխան լինել եղած քաղաքական կարգավիճակին:

Եվ նշենք, որ այսօր Քոչարյանի և գեներալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ, ով նախկին նախագահի հետ միասին է մեղադրվում, խստությունն այնքան էլ համահարաբերական չէ Երևանում ՊՊԾ գնդի գրավմանը մասնակից «Սասնա ծռեր» խմբավորման անդամների նկատմամբ դատական գործընթացների մեղմության հետ:

Երկրորդ, 2008 թվականի մարտի մեկի պես իրադարձությունները պառակտում են Հայաստանը: Ողբերգությունը պետք է միասին հաղթահարել՝ բնակչության մի խումբը մյուսին չբախելով. չէ՞ որ ոմանց համար Քոչարյանը հանցագործ է, իսկ մյուսների համար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ, ով անցել է 1991-1994 թվականների պատերազմի բոլոր դժվարությունները, երբ նրան քննադատողներից շատերը դեռ աշակերտներ էին: Եվ նոր իշխանություններն այսօր պետք է հաշիվ տան, որ «Քոչարյանի զանգակը» զնգում է և նրանց վրա: Ցանկացած սխալ կամ ձախողում, որն անխուսափելի է վերափոխումների ճանապարհին և որը կլինի նույնիսկ ամենաբարի մոտիվներն ունենալու դեպքում, կարող են հանգեցնել ներկայիս կառավարական թիմի ժողովրդականության անկմանը:

Եվ այդ ժամանակ բացառված չէ, որ նրանց հակառակորդները ևս կցանկանան նույն ձև վարվել՝ քրեական գործերի և մեղադրանքներ առաջ քաշելով: Այդ դեպքում կասկածի տակ կդրվի իշխանության ժառանգությունը, իսկ իշխանության՝ մի ձեռքից մյուսն անցնելու դեպքերը կդառնան հարատև հեղափոխություններ՝ «մինչ հիմքեր, իսկ հետո…» պաթոսով:

Այս ամենը Լեռնային Ղարաբաղի չկարգավորված կոնֆլիկտի և հայ-ադրբեջանական սահմանի անկայունության ֆոնին է տեղի ունենում, և դրա համար չպետք է բացառել, որ Ադրբեջանի՝ հակառակորդին «փորձության ենթարկելու» գայթակղությունը, երբ նրա տանը մեծ փոփոխություններ են տեղի ունենում, շատ մեծ կլինի: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ