«Բոլոր հարցերին պետք է լուծում տալ սահմանադրության և գործող օրենքների շրջնակներում: Բնականաբար, եթե ժամանակի ընթացքում կատարվել են անօրինություններ, պետք է գնահատական ստանան՝ անկախ դիրքից. դա ժողովրդավար երկիր կառուցելու ճանապարհին անհրաժեշտ է: Բայց, կարծում եմ, պետք է զգուշավոր մոտենալ այդ ամենին»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ անդամ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը:
«Իրավական գնահատականը կարծես բավարար չէ: Իրավական դաշտում աշխատող մարդիկ կարծես մի տեսակ քաղաքական գայթակղության և հրապուրանքի գիրկն են ընկնում. որովհետև հազիվ թե Հանրապետության գործող նախագահը սահմանադրական կարգ տապալեր: Համապատասխան իրավական հիմքերի բացակայությունը կարող է հանրության մեջ կասկածներ առաջացնել, թե արդյո՞ք մենք ճիշտ ճանապարհով ենք գնում, արդյո՞ք այն խնդիր-պահանջներին, որ հանրությունն ունի, ճիշտ ճանապարհով պատասխան տալու պատրաստակամություն կա, թե՝ ոչ»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Հարցը, ըստ նրա, պետք է դիտարկել նաև Արցախի ու Հայաստանի անվտանգության տեսանկյունից. կալանավորվում են մարդիկ կամ ներկայացվում են կլանավորման միջնորդություններ մարդկանց, որոնք Արցախյան ազատագրական պայքարի ակտիվ ներկայացուցիչ ու առաջնորդ են ընկալվում ներսում և դրսում, իսկ այդ կալանավորումները կարող են պայքարը վերաարժևորելու անհրաժեշտություն առաջացնել, ինչը մեզ համար շահեկան չի լինի:
ԱԺ փոխնախագահը մաաավանդ շեշտում է այն, որ Ադրբեջանի իշխանություններն Արցախի իշխանություններին որպես հանցագործ են փորձ անում ներկայացնել, իսկ այս մեղադրանքը կարող է ջուր դառնալ նրանց ջրաղացի համար:
Ուստի կրկնում է. «Պետք է այս ամենին լուրջ վերաբերվել և հնարավորինս պահպանել օրենքի տառն ու սահմանադրական նորմը»:
Վահրամ Բալայանի խոսքով, այն, որ կալանավորվել է Արցախի առաջին նախագահը, ինքնին մտահոգություններ է առաջացնում Արցախում. «Մի մասի մոտ թերահավատություն կա, որ մարդիկ նման մասշտաբային իրավական խախտում են կատարել և բանը հասել է նրանց ձերբակալմանը»:
Կան մի շարք բաներ, որոնք, ըստ Բալայանի, Հայաստանի իրավական համակարգը պետք է հաշվի առնի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը