24 07 2018

Երևանի քաղաքապետի թեկնածուի հարցում «ՔՊ»-ն որոշում չի կայացրել

Երևանի քաղաքապետի թեկնածուի հարցում «ՔՊ»-ն որոշում չի կայացրել

Հուլիսի 24-ին տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստը, որին ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստից հետո նա հեռացել է՝ չպատասխանելով լրագրողների հարցերին:

ՔՊ-ից ինքնաառաջադրված թեկնածու Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել է՝ դեռևս առաջին համարի թեկնածուի առաջադրման շուրջ ընդհանուր հայտարարի չեն եկել: «Դեռևս քննարկվում է, որևէ հայտարարի չենք եկել»,- նշել է նա՝ հավելելով, որ ինքնաառաջադրված 4 թեկնածուներից բացի, այլ թեկնածուներ չկան:

Դաշինքո՞վ կմասնակցեն ընտրություններին, թե՞ միայն ՔՊ-ի թիմով, թե առանձին. այդ հարցին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ այդ հարցը ևս քննարկվում է:

ՔՊ-ի՝ Երևանի քաղաքապետի 4 թեկնածուներն են Ալեն Սիմոնյանը, Հայկ Մարությանը, Զարուհի Բաթոյանը և Սրբուհի Ղազարյանը:

Ինքնաառաջադրված թեկնածու Զարուհի Բաթոյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ բոլոր թեկնածուների առաջադրումները քննարկվել են, նրանցից երկուսը՝ Սրբուհի Ղազարյանը և Հայկ Մարությանը, ներկայացրել են իրենց ծրագրերը, հեռանկարները և այլն: «Քանի որ դեռ գործընթացը չի ավարտվել, մինչև հուլիսի 27-ը հնարավորություն ունենք նոր հայտեր ներկայացնել, ընտրության հարցը դեռևս չի կայանա»,- ասել է նա՝ հավելելով, որ հաջորդ նիստը հավանաբար կլինի արտահերթ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ