22 07 2018

ՌԴ-ն 200 մլն դոլարի զինամթերքն ամբողջությամբ տրամադրել է ՀՀ-ին. Դավիթ Տոնոյան

ՌԴ-ն 200 մլն դոլարի զինամթերքն ամբողջությամբ տրամադրել է ՀՀ-ին. Դավիթ Տոնոյան

Հուլիսի 22-ին Փանիկ գյուղում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովը Փանիկում տեղի ունեցած միջադեպի հարցով փակ հանդիպում-քննարկում են անցկացրել: 

«102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն իրականացնում էին մարտական պատրաստության միջոցառում, որը տարեկան պլանով համաձայնեցվում է ՀՀ ՊՆ-ի հետ` ճանապարհները, բոլորը, տեխնիկայի շարժը տարեկան ծրագրերով պլանավորված է։ Ծրագրերի շրջանակներում կան տարբեր տեսակի մարզումներ։

Այս մարզումն իրականացրել է հետախուզական ստորաբաժանումը։ Հետախուզական ստորաբաժանման մարզման ընտրության վայրը եղել է սխալ և չհամաձայնեցված։ Վայրն ընտրվել է սխալ, բայց, չպաշտպանելով հետախույզներին, նշեմ, որ նրանք Փանիկին վերաբերել են որպես իրենց աջակցող բնակավայրի, իսկ շարասյունը եղել է իբր հակառակորդի շարասյուն։ Եվ յուրայիններին աջակցող բնակավայրի կողքն էլ իրականացրել են այդ միջոցառումը»,- ասել է պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ սխալ կա թույլ տրված և՛ ռուսական, և՛ հայկական կողմերից։ 

«Բայց ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ռուսական կողմը 1 օր առաջ տեղեկացրել էր շարասյան տեղաշարժի վերաբերյալ և տեղեկացրել է, որ լինելու է մարզում, բայց մարզման վայրը չէր նշել»,- հավելել է նախարարը՝ ընդգծելով, որ ռուսական կողմն իրենց սխալն ընդունել է և ներողություն խնդրել։

Դավիթ Տոնոյանը նաև նշել է՝ չի բացառվում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը: «Դրանք քարի վրա գրված փաստաթղթեր չեն, և ժամանակի ընթացքում առաջանում են բավական խնդիրներ, որոնք պահանջում են պայմանագրային իրավական փոփոխություններ: Իհարկե, դա արվելու է»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ օրերս Փանիկում տեղի ունեցած միջադեպը կարող է խթան հանդիսանալ որոշ փոփոխությունների կատարմանը:

Պաշտպանության նախարարը նաև հայտնել է, որ Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել 200 մլն դոլարի վարկային համաձայնագրերով նախատեսված սպառազինությունը։ «200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը ժամանակակից, արդիական, անգամ ՌԴ սպառազինության մեջ չգտնվող սպառազինություն է»,- հավելել է Դավիթ Տոնոյանը: 

2015թ. ՌԴ-ն և ՀՀ-ն վարկային համաձայնագիր են վավերացրել, որի շրջանակում ՌԴ-ն ՀՀ-ին ժամանակակից սպառազինություն է մատակարարում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ