Փանիկ համայնքի ղեկավարը դիմել է Շիրակի մարզային ոստիկանությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը՝ պարզելու, թե ինչու է ՌԴ 102-րդ ռազմաբազան զորավարժություն անցկացնում համայնքի հարակից տարածքում՝ առանց զգուշացման: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Փանիկ համայնքի ղեկավար Վարդան Մակեյանը:
Ըստ գյուղապետի, հուլիսի 17-ին առավոտյան, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքի մոտակայքում։ Զորավարժություններն ուղեցվել են կրակոցներով, պայթյուններով: «Գյուղի տարածքը ռազմաբազայի զորավարժութունների անցկացման համար երբևէ չի ծառայել և ռազմաբազայի ղեկավարությունից այս մասին պաշտոնական գրություն չի ստացել, մենք նախապես չենք տեղեկացվել»,-նշեց համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ ինքն անմիջապես այդ մասին տեղեկացրել է Շիրակի մարզային ոստիկանությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը:
Ուժային կառույցների աշխատակիցները մեկնել են գյուղի տարածք: Այս հարցով նախատեսված է նաև Շիրակի մարզպետի և 102-րդ ռազմաբազայի ղեկավարության հանդիպումը, որի ընթացքում կհստակեցվեն, թե ինչու է Փանիկի վարչական տարածքն առանց նախազգուշացման ընտրվել զորավարժությունների անցկացման վայր: Ռազմաբազայի հրամանատարությունը պաշտոնական պատասխան դեռ չի տվել համայնքի ղեկավարի բողոքին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը