Բոլոր կառավարություններն էլ ներկայացնում են փայլուն ծրագրեր՝ անկախ նրանցում առկա թվերից, էջերի ավել-պակաս լինելուց, բոլոր ղեկավարներն էլ ցանկանում են բարին անել ժողովրդի ու երկրի համար՝ անկախ գրանցած արդյունքից: Նպատակը լավն է, բայց ստացվում է այնպես, ինչպես կա:
Բայց որ ղեկավարները ելույթները կառուցելիս օգտվում են նույն բառամթերքից, սա արդեն ուշագրավ է:
Ներկայացնում ենք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներում հնչած մտքերի երեք նմանություններ:
Սերժ Սարգսյան. Աշխատանքային խորհրդակցություն. 16.03. 2011թ.
«Մարզպետը մարզի լոկ ղեկավարը չէ. նա պետք է լինի մարզի բնակչության առաջնորդը, պետական ատյաններում նրա խնդիրները ներկայացնողը, մարզում արդարության մթնոլորտ հաստատողը և, իհարկե, նաև տեղական իշխանիկներին զսպողը: Երբ ես ասում եմ տեղական իշխանիկների մասին, ես նաև ուզում եմ ասել, որ ձեզանից էլ որևէ մեկը չպետք է դառնա տեղական իշխանիկ: Այդ հոգեբանությունը պետք է բացառվի: Դուք պետք է դրա համար օրինակ լինեք»:
Նիկոլ Փաշինյան. Գորիս, հանդիպում բնակչության հետ. 05.07.2018թ.
«Հայաստանում իշխանների, իշխանիկների, ֆեոդալների ժամանակն անցել է: ՀՀ քաղաքացին է երկրի տերը, պատասխանատու է իր երկրի համար: Հայաստանի Հանրապետությունը ՀՀ քաղաքացու սեփականությունն է, և մենք այստեղ պետք է զգանք մեզ տերը՝ մեր երկրի»
Սերժ Սարգսյան. ՀՀԿ խորհրդի նիստ. 27.01.2017թ.
Իշխանությունը վայելք չէ, սեփական բարեկեցությունն ապահովելու միջոց չէ: Իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է:
Սերժ Սարգսյան ՀՀԿ 16-րդ համագումար. 26.11.2016թ.
Իշխանությունը վայելք չէ, այլ ծանր բեռ
Նիկոլ Փաշինյան. Հանդիպում Վայոց ձորի համայնքապետերի հետ. 06.07.2018թ.
«Նախկինում պետական պաշտոնի մեջ եղել են վայելքի էլեմենտներ, սակայն պաշտոնը պետք է ընկալվի որպես ծառայություն: Դա պետք է սկսվի ինձնից և ես այդպես էլ վարվում եմ: Ակնհայտ է, որ պետական ծառայությունը պետք է լինի իրոք ծառայություն, ոչ թե արտոնություններ ունենալու, չարաշահումներ անելու հնարավորություն»:
Սերժ Սարգսյան. Ելույթ ՀՀԿ 20-ամյակին նվիրված նիստին. 18.12.2010թ.
«Եթե մենք ցուցաբերել և ցուցաբերելու ենք հնարավոր առավելագույն հանդուրժողականություն այլակարծության հանդեպ, ապա կոռուպցիայի, կաշառակերության և բյուջետային միջոցների մսխման հարցերում պետք է լինի զրո հանդուրժողականություն»:
Նիկոլ Փաշինյան. ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ելույթ. 07.06.2018թ.
«Ի՞նչպիսին է արդեն Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի մակարդակը, ես պաշտոնապես հրապարակում եմ այդ թիվը՝ զրո, ի՞նչպիսին է լինելու Հայաստանում արտոնյալների տոկոսը, ես պաշտոնապես հրապարակում եմ այդ թիվը՝ զրո, Հայաստանում խոշոր բիզնեսն ամսական ո՞րքան «նալոգ» պետք է տա հանրապետության վարչապետին՝ ես պաշտոնապես հայտարարում եմ այդ թիվը՝ զրո, Հայաստանում ինչպիսի և քանի մենաշնորհներ պետք է գոյություն ունենան՝ ես պաշտոնապես հայտարարում եմ այդ թիվը՝ զրո»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը