Ռուսաստանի Դաշնության «բարեկամ» երկիր Ուկրաինան, կարծես, երկվորյակ քույր ունի` Հայաստանը, «դրական» հատկանիշների նույն հավաքածուով: Այս մասին գրում է lenta.ru-ն:
«Համենյան դեպս, զգալիորեն ավելի, քան մյուս անկախ կովկասյան հանրապետությունները: Ներկայումս հարկ է լավ մտածել երկկողմ համագործակցության հետագա հեռանկարների մասին: Եվ այդ մտորումները ոչ մի լավ բան չեն խոստանում: Այդպիսի տխուր եզրակացությունների հանգեցնում են Հայաստանի նոր ղեկավար Նիկոլ Փաշինյանի գործողությունները, որոնք, կարծես, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի քայլերի պատճենը լինեն»,- գրում է հոդվածագիրը՝ հվելելով, որ Փաշինյանի գործողություններում մտահոգիչ է երկրի արտաքին քաղաքականության միտումնավոր շրջադարձը դեպի Արևմուտք: ՀՀ վարչապետը ցանկանում է Հայաստանն ինտեգրել ՆԱՏՕ-ին կամ, ցուցադրելով իր կապը այդ ռազմական կառույցի հետ, Մոսկվայից հետագա համագործակցության վերաբերյալ հատուկ պայմաններ կորզել:
Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը կայքը համարում է արևմտյան կողմնորոշվածության ապացույց. «Փաշինյանի կառավարությունը, պատահաբար, թե միտումնավոր, կազմված է հիմնականում ռուսատյացներից: Նրանց թվում ` Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանը, ով սովորել է ԱՄՆ-ում և Սորոսի հիմնադրամի ծրագրերն է համակարգել: Բայց սա դեռ ամենը չէ. այսպես կոչված `«խորովածային հեղափոխության» ժամանակ, որն էլ իշխանության բերեց Փաշինյանին (և անցկացվում էր, ի դեպ, նույն կարգախոսների ներքո, որոնք հնչում էին 2013-2014-ին Ուկրիանայում), Տեր-Գրիգորյանը անմիջականորեն ՌԴ նախագահին վիրավորող պաստառով է նկատվել: Հայաստանի աշխատանքի նոր նախարար Մանե Թանդիլյանն էլ ակտիվորեն քարոզում էր ԵԱՏՄ-ից դուրս գալու օգտին, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն էլ 2016-ից աշխատում է ամերիկյան Խաղաղության կորպուսում, որը, ինչպես հայտնի է, կապված է ԿՀՎ-ի հետ: Ստացվում է, որ միակ մարդը, ով Ռուսաստանի հետ երկարաժամկետ ու ամուր կապերի անհրաժեշտության մասին է հայտարարում, Փաշինյանն է, ով պատրաստ է լռեցնել իր շրջապատի արևմտամետներին, բայց ոչ` հենց այնպես, իհարկե»:
Կայքը գրում է, որ Հայաստանի քաղաքացիներին Փաշինյանի այցը Բրյուսել ներկայացվել է որպես դիվանագիտական ֆենոմենալ հաջողություն` աշխարհի տարբեր առաջնորդների հետ լուսանկարներ ու ձեռքսեղմումներ, սակայն այն, որ իրականում լիարժեք հանդիպումներ ու բանակցություններ չեն եղել, այդ մասին չի խոսվում. «Արդարության համար հարկ է նշել, որ այցում մի դիվանագիտական բաղադրիչ, այնուամենայնիվ, եղել է: Օրինակ` Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Euronews հեռուստաալիքին, որում ՆԱՏՕ-ին խորհուրդ է տվել Ադրբեջանին «ուժեղ մեսիջ» հղել, իսկ եթե Բաքուն փորձի Լեռնային Ղարաբաղի հողերը վերադարձնել, ապա դա պետք է մեկնաբանվի որպես սպառնալիք համաշխարհային ժողովրդավարությանը: Բնականաբար, այսպիսի դիրքորոշումն առաջացրել է հյուսիսատլանտյան գործընկերների տագնապահույզ զարմանքը, քանի որ Արևմուտքում բազմիցս հայտարարել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման և այդ հարցի հետ կապված կասկածելի արկածախնդրություններին մասնակից չլինելու ցանկության մասին: Դրանից հետո Փաշինյանը գումար է խնդրել, որը, սակայն, ընդամենը 10 մլն եվրո է գնահատվել: Ընդ որում` Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին շտապել է հայտարարել, որ առանց այդ էլ ԵՄ-ն Հայաստանի գլխավոր հովանավորն է, և աջակցության ծրագիրը հաստատվել է դեռևս նախորդ իշխանության օրոք, բացի այդ, ըստ դեսպանի, Հայաստանի քաղաքականությունը ԵՄ-ի նկատմամբ դե յուրե չի փոխվում, որ ֆինանսավորման նոր թեմա լինի»:
Ստեղծված իրավիճակում ՀՀ-ի բյուջեն լցնելու տարբերակները հոդվածագիրը գնահատում է հետևյալը՝ փորձել վաճառել երկիրը ՆԱՏՕ-ին` որպես ռազմաբազա Հարավային Կովկասում, շանտաժի ենթարկելով Արևմուտքի հետ կապերը զարգացնելու հեռանկարով` գումարներ կորզել Ռուսաստանից, փորձել զարգացնել Հայաստանի սուվերեն տնտեսությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը