Հայաստանի փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի բարեկամության խմբի առաջնորդների հետ հանդիպմանը հայտարարել է. «Նախկինում ամեն ինչ շատ սահուն է եղել, բայց նոր էջ է պետք բացել: Ես կարծում եմ, ժամանակն է, որ բոլորովին այլ մակարդակի վրա բարձրացվեն մեր հարաբերությունները և ոչ թե խոսենք անցյալը սահուն շարունակելու մասին: Ես խնդրում եմ, իմ ուղերձը շատ բառացի ընկալել և նաև գործընկերներին փոխանցել տարբեր քննարկումների ժամանակ. Աննախադեպ խաղաղ դեմոկրատական հեղափոխության շնորհիվ աշխարհում հայտնվել է մի նոր ժողովրդավարական պետություն և այդ ժողովրդավարությունը պետք է պաշտպանել»:
Փոխվարչապետ Միրզոյանը կոչ է արել կոնգրեսականներին աջակցել, որ մեծացվեն Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնության ծավալները: Վաշինգտոնի իր այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը չորեքշաբթի բանակցություններ է վարել Պետքարտուղարությունում, հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի մի շարք սենատորների և կոնգրեսականների, ինչպես նաև՝ իրավապաշտպան կազմակերպությունների ղեկավարների հետ:
«Կարծում ենք, որ հայ-ամերիկյան հարաբերությունները կարելի է նաև ԱՄՆ-տարածաշրջան, Հայաստան-Վրաստան համատեքստում դիտարկել»:
Հայաստանը մտադիր է շարունակել համագործակցությունը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ, նշել է փոխվարչապետ Միրզոյանը՝ շեշտելով, որ Երևանն առաջնորդվում է Հայաստանի շահերով.
«Մենք չենք կարող թույլ տալ շատ կտրուկ շրջադարձ»:
Կոնգրեսականներ Փալոնին, Վալադաոյին և Թրոթին հետաքրքրում էին Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների, ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Երևանի դիրքորոշումը և Հայաստանում ընթացող կոռուպցիայի դեմ պայքարը, որին ի աջակցություն կոնգրեսական Դեյվիդ Թրոթն առաջարկեց Կոնգրեսի հատուկ հռչակագիր ընդունել: Ֆրենք Փալոնն էլ ընդգծեց, որ Հայաստանում տեղի ունեցածը կարող է օրինակ ծառայել Հայաստանի հարևանների համար.
«Իսկ մեր կողմից ամենակարևոր քայլն է բարձրացնել մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունները»:
Ամերիկացի օրենսդիրներին հատուկ հետաքրքրում էր Հայաստանի «թավշյա հեղափոխության» պատմությունը, քանի որ, ընդգծեց կոնգրեսական Փալոնը, Արարատ Միրզոյանն ԱՄՆ այցելած Հայաստանի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, ով մասնակցել էր «թավշյա հեղափոխությանը»: Միրզոյանի խոսքով, տասնամյակներ շարունակ Հայաստանի քաղաքացիները երազել են ունենալ ազատ ժողովրդավար պետություն և տասնամյակներ շարունակ դա չի հաջողվել:
«Բայց, մենք չենք հանձնվել և ինչպես տեսնում եք, մենք կարողացանք հաղթել»:
Հանդիպման ընթացքում կոնգրեսականներն ընդգծեցին նաև, որ ցանկալի կլիներ Թրամփ-Փաշինյան հանդիպում անցկացնել, որի համար լավագույն ժամանակը սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթաժողովն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը