Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս), ներկայանալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ քննարկել են միջազգային իրավիճակը, ինչպես նաև հրավիրել Երևան՝ խորոված ուտելու:
Բացի այդ, նրանք շփվել են նաև եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Դատելով խոսակցությունների բովանդակությունից, որոնց ձայնագրությունը ունի ՌԻԱ Նովոստին, դրանք տեղի են ունեցել Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո:
Յունկերի հետ հեռախոսազրույցի ժամանակ Վովանը և Լեքսուսը դժգոհել են ԱՄՆ-ի կողմից ճնշումից: Ի պատասխան դժգոհությունների՝ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ «իրենք կրկին ու կրկին ստիպված են լինում բացատրել պարոն Թրամփին, թե ինչպես է կառուցված աշխարհը»: «Նա չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում: Եվ մենք պետք է համոզվենք նրանում, որ նա սկսում է ավելի լավ հասկանալ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Լավ, ամեն ինչ լավ է: Հաջողություն եմ մաղթում»,- ասել է Յունկերը:
Պրանկերները նաև Եվրահանձնաժողովի նախագահին հրավիրել են Երևան, որտեղ «հայկական հրաշալի խորոված են պատրաստում»: Վովանը և Լեքսուսը Յունկերին առաջարկել են խորոված պատրաստել Հանրապետության հրապարակում և «յուրատեսակ հանրահավաք» անցկացնել:
«Դա ևս վատ չի հնչում: Ես կգամ հաջորդ տարի: Այս տարի դա այլևս հնարավոր չի լինի, իսկ հաջորդ տարի մենք հարմար օրեր և հնարավորություն կգտնենք»,- հայտնել է Յունկերը:
Մոգերինին իր հերթին հեռախոսազրույցի ընթացքում խոսել է Հայաստանի նոր իշխանությունների համար բոլոր գործընկերների հետ լավ հարաբերությունների պահպանման անհրաժեշտության և այն մասին, որ պետք չէ ընտրություն կատարել հօգուտ մեկ երկրի, որպեսզի չկրկնվի ուկրաինական սցենարը:
«Մենք պետք է շատ զգույշ գործենք և խուսափենք իրադարձությունների՝ այդ ուղղությամբ ցանկացած զարգացումից: Հարկ է ընդգծել, որ Հայաստանը մի երկիր է, որն իրավունք ունի անելու իր ընտրությունը»,- հայտնել է Մոգերինին:
Նա հավելել է, որ Բրյուսելը «բացառիկ պայմաննրով ընկերություն» չի խնդրում: «Ես գիտեմ, որ ավելի վաղ մենք այլ դիրքորոշում ենք ունեցել, սակայն մեզ համար շատ կարևոր է, որ դուք այդ ազատությունը և տարածությունը զգաք գործողությունների համար, որպեսզի մենք ստիպված չլինենք այս կամ այն գործընկերոջ օգտին ընտրություն կատարել»,-ընդգծել է Մոգերինին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը