Հայաստանի քաղաքացիները խորին շնորհակալություն կարող են հայտնել հատուկ քննչական ծառայությանը, որի քաղաքական հայտարարությունը ստիպեց խորանալ տասնամյակ շարունակ աչքաթող արված փաստերի մեջ:
Հուլիսի 3-ին ՀՔԾ-ն հայտարարեց, թե Մարտի 1-ի գործով նոր բացահայտումներ են եղել և որպես մեղադրյալ ներգրավեց ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանին:
Տարածած հայտարարության մեջ ՀՔԾ –ն հենվում էր հիմնականում ոչ թե փաստերի, այլ՝ Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի գնահատականների վրա: «Սենսացիոն բացահայտումները» լրագրողներին հասցրեցին իրավաբանների դռները՝ կարծիք-գնահատականներ իմանալու համար, և մասնագիտական վերլուծություններից հետո աստիճանաբար բացահայտվեց 2008թ. մարտիմեկյան դեպքերի մեջ բանակի ներգրավման և երկրի նախագահի որոշումների իրավաչափության վերաբերյալ մեկ այլ իրականություն:
GPartners իրավաբանական ընկերությունը, մի շարք հրավիրված գործընկերների մասնակցությամբ, կատարել է համապարփակ հետազոտություն և լույս սփռել մի շարք հարցերի վրա՝ որոնք առավել արժանահավատ են՝ հիմնավորումները տառացի մեջբերված լինելու պատճառով:
«Մարտի 1-ի» դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը 2010 թվականին հրապարակել էին «Բանակի ներգրավումն ու մասնակցությունը հետընտրական գործընթացներին և Մարտի 1-2-ի իրադարձություններին» զեկույցը, որում խոսվում էր մարտիմեկյան դեպքերին բանակի անմիջական մասնակցության մասին: Ընդ որում, ըստ դրա, բանակը բերվել է լիովին ապօրինի կերպով, սահմանադրության խախտմամբ: Այդ ժամանակից ի վեր բոլոր հնարավոր առիթներով և վայրերում խոսվում է առ այն, թե բանակն օգտագործվել է ապօրինի կերպով, բախվել է ժողովրդին և կրակել ցուցարարների վրա՝ նախագահի հակասահմանադրական որոշումների արդյունքում:
Ոչ հանրությունը, ոչ հասարակական կարծիք ստեղծողները սեփական կամքով սահմանադրություն չենք բացել՝ կարդալու համապատասխան հոդվածը՝ ի՞նչ է եղել իրականում, ո՞վ ու՞մ վրա է կրակել, ի՞նչ էր արտոնվում, ո՞ւմ և որ դեպքում, այլ միայն հավատացել ենք փաստահավաք խմբի (որոնք ներկայացնում էին ընտրություններում պարտված թեկնածուի շահերը)՝ սահմանադրության մեկնաբանմանը: Այնինչ, մայր օրենքի 8.2 հոդվածում ասվում է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը»։
Հետո, արդեն, իրավաբանները պետք է անվտանգության եզրույթի միջազգային իրավակիրառ պրակտիկան բերեն, թե. այն «ներառում է պետության անվտանգության ապահովումը ինչպես արտաքին, այնպես էլ ներքին վտանգներից, որոնցից առաջնահերթերից է համարվում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը»:
Մեկ նախադասություն, ու ի չիք է դառնում գնահատականը, թե ԶՈւ-ն ապօրինի է օգտագործվել:
Բայց աստեղ կա երկրորդ կարևոր հանգամանքը՝ ինչի՞ն է մասնակցել ԶՈւ-ն: Տասը տարի հետո հնչում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետը. «Որքանով ինձ հայտնի է, բանակային ստորաբաժանումները 2008թ. մարտի 1-ին զենք չեն կիրառել և չեն բախվել ցուցարարներին»:
Օրեր անց հրապարակվում է իրավաբանների ուսումնասիրությունը. «2008թ մարտի 1-ին բանակը հրազեն չի օգտագործել և այդ օրը չի արձանագրվել որևէ բախում բանակայինների և ցուցարարների միջև»:
Բանակը մասնակցել է միայն պետական կարևոր օբյեկտների պահպանությանը:
Ինչպե՞ս թե չի եղել, բա մենք այլ բան ենք սովորել լսել այս 10 տարիների ընթացքում:
ՀՔԾ հայտարարությունը հրապարակվել է հուլիսի 3-ին, իրավաբանների խումբն ուսումնասիրություն է արել դրանից հետո, իսկ հուլիսի 16-ին հրապարակել արդյունքն ու եզրակացությունը: Այսինքն՝ աշխատել է կես ամսից պակաս ժամանակ: Փաստահավաք խումբը ստեղծվել է 2008-ի հոկտեմբերի 23-ին, աշխատանքները դադարեցրել 2009թ-ի հունիսի 26-ին: Փաստորեն, իրավաբանները 15 օրում չեզոքացրին փաստահավաք խմբի 8 ամսվա ընթացքում հավաքած «ապացույցները»:
Ընթերցող քաղաքացին կարող է հիմարացած զգալ՝ իրեն խաբելու համար:
Իսկ ովքե՞ր են, այսպես ասած՝ մեղավորները, միայն փաստահավաք խո՞ւմբը:
2008 թվականից ի վեր առաջին նախագահն իր ներկա ու նախկին թիմով, քարոզչական միջոցներով մեղադրանքներ է հնչեցրել ժամանակի իշխանությունների հասցեին՝ գործի դնելով նաև հայտնի փաստահավաք խումբը և փաստերի փոխարեն սահմանադրությունից վերցնելով այն կտորները, որոնք իրենց ձեռնտու էին: Սա անհրաժեշտ էր առաջին հերթին քաղաքական արենայում դեր ապահովելու և կատարած սխալները չեզոքացնելու համար և ինչոր առումով հասկանալի էր: Իհարկե, այսքանը չէին պատճառները, բայց՝ չխորանանք:
Սերժ Սարգսյանի իշխնությունը 10 տարի շարունակ եթե չի պաշտպանել, ապա հինովին չի հերքել այդ տեսակի ապատեղեկատվության տարածումը, նույնիսկ լռելյայն մեղադրանքի սլաքներն ուղղորդել է իրեն նախորդած իշխանության կողմը՝ միտումնավոր փաստերի մեջ խորանալուն ձեռնամուխ չլինելով կամ այդ մասին չբարձրաձայնելով՝ ամենայն հավանականությամբ իր քաղաքական հաշվարկների պատճառով:
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը նույնպես 10 տարի շարունակ լռել է՝ մեզ անհայտ պատճառներով: Հավանաբար՝ մտածել են, որ իրենք արդարանալու կարիք չունեն՝ գործել են օրենքի շրջանակներում, կամ մտածել են, որ օրերից մի օր սահմանադրություն և օրենք կկարդան խոսողները, իրավաբանները կուսումնասիրեն, քաղաքական գործիչները, մամուլն ու հանրությունը, կընկալեն գրածը, և հասկանալի կդառնա ամեն ինչ:
Լրագրողներս 10 տարի շարունակ սահմանադրություն բացելու փոխարեն՝ աչքների առաջ ունեցել ենք փաստահավաք խմբի զեկույցը ու մոռանալով թե ում կողմնակիցներն են այդ զեկույցը հեղինակել, չգիտես ինչու համարել են այն վերին աստիճանի արդար ու հիմնավոր: Մեզ անգամ չի հետաքրքրել՝ ըստ Մայր օրենքի բանակը կարո՞ղ էր օգտագործվել, թե ոչ, ինչի՞ն կարող էր մասնակցել, ո՞ր դեպքերում: Գրել են ոչ, ուրեմն՝ ոչ: Հանրությունն էլ լսել է, տեսել, հասկացել ու իր մեջ արմատավորել այն ամենը, ինչ իրեն մատուցվել է:
Եվ հիմա հանկարծ առաջ է գալիս նոր Հայաստանի ՀՔԾ-ն, որը կարծես գնում է 10 տարի ամենաթողության արդյունքում ձևավորված հանրային կարծիքի հետևից՝ գործելով ոչ թե օրենքով կամ Սահմանադրության պահանջներով, այլ տարածած ինֆորմացիաներով:
Ոչ պրոֆեսիոնալ պահվածքը, ի վերջո բացում է ամեն ինչ: Իսկ այս ընթացքում մենք հերթական անգամ մոռացության ենք տալիս 10 զոհերի չբացահայտված գործը՝ ընկած ճիշտ ու սխալ հանելու կամ Սահմանադրություն մեկնաբանելու հետևից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը