16 07 2018

Մարտիմեկյան իրադարձություններում ՀՀ նախագահի գործողությունների իրավական գնահատականը

Մարտիմեկյան իրադարձություններում ՀՀ նախագահի գործողությունների իրավական գնահատականը

ՀՀ Հատուկ քննչական ծառայության հուլիսի 3-ի հայտնի հայտարարությունից հետո, որ վերաբերում էր Մարտի 1-ի գործով հարուցված նոր գրեական գործ հարուցելու հանգամանքին, 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քննարկումները նոր ընթացք ստացան: Հասարակության և իրավագետների հանրույթի ուշադրության կենտրոնում կրկին հայտնվեցին արտակարգ դրություն հայտարարելու և բանակը արտակարգ դրության պայմաններում օգտագործելու` ՀՀ նախագահի լիազորությունների հետ կապված հարցերը:

GPartners իրավաբանական ընկերությունը, մի շարք հրավիված գործընկերների մասնակցությամբ, անցած օրերին կատարել է նոր, համապարփակ հետազոտություն և արդյունքում կազմել նշված հարցերը լուսաբանող իրավական դիրքորոշում, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

 1. Փաստական հանգամանքները մինչև արտակարգ դրություն հայտարարելը

1.1 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունները և նույն թվականի փետրվարի 20-ից մինչև մարտի 2-ը տեղի են ունեցել զանգվածային բողոքի ակցիաներ զուգորդված զանգվածային անկարգություններով: Արդյունքում, մեղադրանք է առաջադրվել 152 անձի, իսկ դատարան է ուղարկվել 93 քրեական գործ: Զանգվածային անկարգությունների արդյունքում մահացել է 10 անձ, որից 8-ը՝ քաղաքացիական անձինք, 2-ը՝ ոստիկանության զինծառայող և սպա: Մարմնական վնասվածքներ են ստացել 221 քաղաքացիական անձ և ոստիկանության զինծառայող: Այրվել է 92 տրասպորտային միջոց և վնասվել և թալանվել է 12 օբյեկտ:

1.2 2008 թվականի մարտի 8-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-736 որոշումով ուժի մեջ է թողել 2008 թվականի փետրվարի 24-ի Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 24-Ա որոշումը:

2. Արտակարգ դրություն հայտարարելու իրավական հիմքերը

2.1 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական հիմքը եղել է բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի Սահմանադրության փոփոխություններ) 55-րդ հոդվածի 14-րդ կետը, որի հիման վրա 2008 թվականի մարտի 1-ին Հանրապետության Նախագահի կողմից ընդունվել է թիվ ՆՀ-35-Ն հրամանագիրը (Հրամանագիր): Համաձայն Սահմանադրության 5-րդ հոդվածի Նախագահը պարտավոր էր գործել Սահմանադրությանը համապատասխան, որը ունի բարձրագույն իրավաբանական ուժ և նրա նորմերը գործում են անմիջականորեն:

2.2 Սահմանադրությունը 55-րդ հոդվածի 14-րդ կետում հստակ սահմանում է, որ եթե առկա է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ, ապա Հանրապետության Նախագահը, կատարելով իր սահմանադրական պարտականությունները, ունի բացառիկ իրավունք հայտարարելու արտակարգ դրություն և իրականացնելու իրավիճակից թելադրվող միջոցառումներ: Այսինքն` Սահմանադրությունը Նախագահին տալիս է առկա դրության` սահմանադրական կարգին սպառնացող վտանգի դեպքում իրավական արձանագրման իրավունք:

2.3 Սահմանադրությունը 117-րդ հոդվածի 6-րդ կետում (Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո) պարունակում կարևոր նորմ.

 մինչև արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանումն                   օրենքով սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հանրապետության Նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին:

2.4 «Սահմանադրական կարգին սպառնացող վտանգ» միջազգային իրավական փաստաթղթերում և դատական պրակ նշանակում է վտանգ, որն ուղղված է հասարակական և պետական կյանքի հիմքերին, ընդգրկելով` պետության ինքնիշխանությունը, ամբողջականությունը և իհարկե մարդու իրավունքների պաշտպանությունը:

2.5 2008 թվականի մարտի 2-ին իրավունքի ուժով գումարվել է Ազգայինժողովի հատուկ նիստ` 60 պատգամավորների նախաձեռնությամբ, որի նպատակն էր գնահատական տալ նախորդ օրը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Պետք է նշել, որ Ազգային ժողովը միաձայն կողմ քվեարկեց հայտարարությանը, որով անհրաժեշտ և իրավաչափ ճանաչեց Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մարտի 1-ի ՆՀ-35-Ն հրամանագիրը:

2.6 Կարևոր է նշել նաև, որ արտակարգ դրություն հայտարարելու իրավունքը և իրավական ռեժիմի վերաբերյալ պահանջները սահմանված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, այլ նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով 4 և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական պրակտիկայով: Նշված համատեքստում պետք է նշել, որ 2008 թվականի մարտի 1-ին հայտարարված արտակարգ դրությունը թե ընթացակարգային և թե իրավական հետևանքների առումով համապատասխանել է ներպետական օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին:

2.7 Միևնույն ժամանակ կարևոր է հստակ տարանջատել Հանրապետության Նախագահի ռազմական դրություն և արտակարգ դրություն հայտարարելու սահմանադրական լիազորությունները: Չնայած որ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ռազմական դրությունը դիտարկվում է որպես արտակարգ դրության ձևերից մեկը, Սահմանադրություն 55-րդ հոդվածի 13-րդ կետը սահմանում է, որ ռազմական դրություն հայտարարվում է Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում: Այսինք` վերընշված սահմանադրական նորմը կիրառելի չէ փաստական հանգամանքներին:

3. Կիրառված միզոցառումները եվ ներգրավված ուժերը

3.1 Համաձայն Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի և 117-րդ հոդվածի 6-րդ կետի, Նախագահն իրավասու էր սահմանել արտակարգ դրության ռեժիմն ապահովող միջոցառումներ` այն հայտարարելու հետ միաժամանակ: Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ոստիկանության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա էր դրվել Հանրապետությունում արտակարգ դրության իրավական ռեժիմի պահպանման համար պատասխանատվությունը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության վրա՝ նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը:

3.2 Արտակարգ դրություն հայտարարելիս Նախագահի լիազորությունները Սահմանադրության շրջանակներում հստակ են: Կարևոր է ընդգծել, որ իրավիճակից թելադրվող միջոցառումները ամբողջությամբ համապատասխանել են միջազգային իրավական փաստաթղթերին, մասնավորապես.

  1. արտակարգ դրության ամբողջ ընթացքում կիրառված սահմանափակումները եղել են բացառապես իրավաչափ;
  2. սահմանափակման ոչ ենթակա իրավունքները մնացել են անձեռնմխելի;
  3. Սահմանադրությամբ սահմանված պահանջի համաձայն քննարկումներ են իրականացվել Ազգային ժողովի և Հանրապետության վարչապետի հետ;
  4. կիրառված սահմանափակումները բավարարել են հետևյալ չափանիշներին՝ նախատեսված էին օրենքով, հետապնդել են իրավաչափ նպատակ, անհրաժեշտ էին ժողովրդավարական հասարակության մեջ;
  5. արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը հասանելի է դարձվել հասարակությանը;
  6. ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները համապատասխան միջազգային կազմակերպություններին իրավիճակի մասին տեղյակ պահելու համար;
  7. ապահովվել է արդյունավետ դատաքննության իրավունքի իրացումը;
  8. օրինաչափ էր ոչ միայն արտակարգ դրության հայտարարումը, այլև դրա ընթացքում կիրառված միջոցառումները:

3.3 Ի լրումն բերված փաստերի անհրաժեշտ է հավելել, որ արտակարգ դրության պայմաններում կիրառված միջոցառումները իրենց բովանդակությամբ ամբողջովին համահունչ են 2012 թվականի մարտի 21-ին ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջոցառումներին և ներգրավված ուժերին, որտեղ հաշվի են առնվել երկրի ընդունված միջազգային իրավական պարտավորությունները:

3.4 Վերլուծելով 2008 թվականի փետրվարի 23-ի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի թիվ 0038 հրամանը, պետք արձանագրել, որ այն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ է, որը կայացվել է օրենսդրությամբ նախատեսված մարմնի կողմից` սահմանադրական պարտականությունների կատարումը Զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով: 2008 թվականի փետրվարի 24-ի դրությամբ գործող «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը սահմանում էր, որ զինված ուժերի անմիջական ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը և Զինված ուժերի պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն է:

3.5 Այստեղ պետք է արձանագրել նաև, որ 2008թ մարտի 1-ին բանակը հրազեն չի օգտագործել և այդ օրը չի արձանագրվել որևէ բախում բանակայինների և ցուցարարների միջև:

4. Պետության անվտանգությունը

4.1 Կարևոր է նշել, որ Սահմանադրության «Սահմանադրական կարգի հիմունքների» գլխում` Հոդված 8.2-ում, ամրագրված է նորմ, որի համաձայն` Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Վերընշված հոդվածը պարունակում է կարևոր հիմնադրույթ` զինված ուժերի սահմանադրական գործառույթները (առաքելությունը):

4.2 Այսինքն, զինված ուժերի սահմանադրական գործառույթն է անվտանգության ապահովումը:12 2007 թվականին Հայաստանի Հանրապետության Նախագահը հաստատել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը (Անվտանգության ռազմավարություն), որը պետության, հասարակության և անհատի անվտանգության ապահովման, կայուն զարգացման, հայ ինքնության պահպանման պետական քաղաքականության համակարգն է: Համաձայն Անվտանգության ռազմավարության 2-րդ մասի անկախության ոլորտում ազգային անվտանգության հիմնարար արժեքներին ծառայող գործոններն ու գործողություններն են

  • սահմանադրական կարգի, պետականության բոլոր բաղադրատարրերի, պետական կառավարման համակարգի բնականոն և արդյունավետ գործունեության ապահովումը,
  • ժողովրդավարական համակարգի զարգացումը և պաշտպանությունը,
  • մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների
  • ապահովումը:

4.3 Սահմանադրությամբ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար է հանդիսանում Հանրապետության Նախագահը, որը համակարգում է բոլոր պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում և որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին:

4.4 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ գործել է «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,15 որի հոդված 4-ի երկրորդ պարբերության զ) կետը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին և տալիս է ռազմական գործողություններ վարելու` զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամաններ: Պետք է նշել, որ նույն օրենքի հոդված 10-ը ամրագրում է, որ զինված ուժերի ղեկավարումն իրականացնում են Հանրապետության Նախագահը և Կառավարությունը` իրենք լիազորությունների շրջանակներում: Այսինք, Նախագահը ուներ օրենսդրական լիազորություններ որոշումներ կայացնելու զինված ուժերի ղեկավարման կամ օգտագործման վերաբերյալ:

4.5 Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 15-րդ հոդվածը սահմանում է արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղում, մասնավորապես, որ ազգի կյանքին սպառնացող արտակարգ դրության ժամանակ ցանկացած պետություն կարող է ձեռնարկել միջոցառումներ` ի շեղումն Կոնվենցիայով ամրագրված իր պարտավորությունների: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Lawless v. Ireland (գործ թիվ 332/57) գործում սահմանել է, որ արտակարգ իրավիճակ նշանակում է ճգնաժամ, որը բացասական ազդեցություն ունի ամբողջ բնակչության վրա և հանդիսանում է վտանգ հասարակության համար: Ավելին, 1967 թվականին Դատարանը իր հայտնի «Հունական գործ» վճռում սահմանել է, որ արտակարգ վիճակ նշանակում է կոնֆլիտ կամ վտանգ, որը ազդում է հանրային անվտանգությանը, առողջությանը և կարգին:

4.6 2004 թվականի ՄԱԿ-ի Գխավոր քարտուղարի հաշվետվությունը անվտանգության վերաբերյալ, ամրագրում է, որ ներքին կոնֆլիկտները նույնպես դասվում են անվտանգության իրավական եզրույթի մեջ: Ավելին՝ միջազգային սովորութային իրավունքը ընդլայնել է անվտանգության եզրույթը ներառելով ոչ միայն ազգային անվտանգությունը17 այլև մարդու անվտանգությունը՝ (human security):

Հետազոտության արդյունքում մասնագետները հանգել են հետևյալ եզրակացությունների.

 1. 2008 թվականի մարտի 1-ին Հանրապետության Նախագահի կողմից ընդունված թիվ ՆՀ-35-Ն հրամանագիրը` արտակարգ դրություն հայտարարեկու վերաբերյալ լիովին համապատասխանում է 2005 թվականի Սահմանադրությանը (հոդված 55-րդ, 14-րդ կետ), իսկ Հրամանագրով կիրառված միջոցառումները (ներառյալ` իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները), ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ինստիտուցիոնալ լուծումները ամբողջությամբ համապատասխանել են ներպետական օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին:

2. 2008 թվականի մարտի 1-ին հայտարարված արտակարգ դրությունը թե ընթացակարգային, թե իրավական հետևանքների առումով համապատասխանել է ներպետական գործող օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, ինչպես նաև Արտակարգ դրության ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանությունը վերաբերյալ Փարիզի մինիմում ստանդարտներին:

3. Հանրապետության Նախագահի 2008 թվականի մարտի 1-ի թիվ ՆՀ-35-Ն հրամանագիրը, ինչպես այլ, այդպես էլ ԶՈՒ ներգրավվելու և բանակը արտակարգ դրության ռեժիմն իրականացնելու մասնակից դարձնելու մասով լիովին համապատասխանում է Սահմանադրության Հոդված 8.2-ին, որտեղ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը (ընդգծում ենք, որ անվտանգության եզրույթի կիրառումը համապատասխանում է միջազգային իրավակիրառ պրակտիկային և ներառում է պետության անվտանգության ապահովումը ինչպես արտաքին, այնպես էլ ներքին վտանգներից, որոնցից առաջնահերթերից է համարվում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը)։ Այստեղ կարևոր է ընդգծել նաև այն հանգամանքը, որ 2008թ մարտի 1-ին բանակը հրազեն չի օգտագործել և այդ օրը չի արձանագրվել որևէ բախում բանակայինների և ցուցարարների միջև:

Նյութն ու հղումներն ամբողջությամբ՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ