«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Հայաստանի նոր իշխանությունները չեն դադարում զարմացնել քիչ թե շատ սթափ դատողություն ունեցողներին։
Այս անգամ առիթը արտաքին քաղաքականությունն էր. «Վարչապետը հստակ մեսիջներ ուղարկեց Եվրամիությանը», «կեցցե մեր հպարտ վարչապետը», «ժողովրդավարության խորհրդանիշ մեր խաչակիրը»՝ նմանատիպ բազմաթիվ այլ արտահայտություններ կարող եք տեսնել աղանդի վերածված մարդկանց ֆեյսբուքյան գրառումներում, իսկ քաղաքագիտական «մտքի» «տիտաններից» մեկը տխմարության հերթական ռեկորդ գրանցեց, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարելով, որ Ադրբեջանի հետ ռազմական գործողությունների վտանգը նվազեց շնորհիվ... Նիկոլ Փաշինյանի Բրյուսելում կատարած հայտարարությունների:
Իրականությունն այն է, որ նոր կառավարության վարած արտաքին քաղաքականությունը, մեղմ ասած, տարակուսանքի տեղիք է տալիս:
Առաջինը, որ աչքի է ընկնում, շողոքորթության և «մուննաթի» զուգորդումն է: Ընդ որում, կարևոր չէ, թե որ գործընկերոջ մասին է խոսքը: Սակայն անհնար է մի կողմից շողոքորթել գերտերությունների առաջնորդներին, մյուս կողմից՝ պահանջներ ներկայացնել պարտատիրոջ կեցվածքով:
Անհասկանալի է, երբ ռազմավարական դաշնակցին փորձում ես հավաստիացնել, թե Հայաստանի գերակայությունը չի փոխվել և հարաբերություններն ավելի են խորանալու, իսկ Եվրամիությանը և ԱՄՆ-ին, որ «ժողովրդավարական հեղափոխությունից» հետո Հայաստանը դարձել է «ժողովրդավարության խաչակիր», հետևաբար պետք է ավել մեծ չափով աջակցել:
Այդ ամենը երկու կողմերն էլ տեսնում են և փորձում հասկանալ, թե այս նորելուկ վարչապետը, ինչպես ասում են, «որտեղ է ցանկանում իրենց գցած լինել»: Արդյունքում, երկու կողմից էլ խորանում է անվստահությունը մեր երկրի և նրա վարած արտաքին քաղաքականության նկատմամբ:
Երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո առաջինը հանդիպում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, դա բնական է թվում, քանզի հասկանալի է, որ Ռուսաստանը ոչ միայն մեր ռազմավարական դաշնակիցն է, որի աջակցության շնորհիվ ենք ապահովում մեր երկրի անվտանգությունը, այլև տնտեսական գլխավոր գործընկերը, առանց որի մեր տնտեսությունը պարզապես շնչահեղձ կլինի:
Սակայն երբ Հայաստանի նորանշանակ վարչապետը սկսում է պահանջներ ներկայացնել, ասելով, որ մեզ տրամադրվող գազի գինը առանձնահատուկ լինելը այլևս բավարար չէ և մենք ուզում ենք «ավելի առանձնահատուկ գին», ընդ որում՝ ասում է հրապարակավ, դա, բնականաբար առաջացնում է Ռուսաստանի ղեկավարության բացասական վերաբերմունքը: Վերջինիս ներկայացուցիչները ցանկանում են իմանալ, թե այդ դեպքում, ի պատասխան ևս մեկ առանձնահատուկ մոտեցման, ի՞նչ է պատրաստ առաջարկել իրենց ռազմավարական դաշնակիցը:
Պարզվում է, ոչինչ էլ չի պատրաստվում: Ավելին՝ Հայաստանի վարչապետը մեկնում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, որի հիմնական նպատակը «Ռուսաստանին զսպելն» է: Հիրավի դիվանագիտական «փայլուն» քայլ, որն աննկատ չի մնա Ռուսաստանի կողմից:
Ի՞նչ ստացավ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու համար Արևմուտքից Նիկոլ Փաշինյանը՝ Ռուսաստանի բացասական վերաբերմունքի փոխարեն: Արարողակարգային ընդունելություններից, ժպիտներից ու ձեռքսեղմումներից բացի, գործնականում ոչինչ: Արդյունքների բացակայությունը այնքան ակնառու էր, որ դա չկարողացավ թաքցնել անգամ ինքը՝ վարչապետը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ» թերթում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը