13 07 2018

Վարչապետը՝ Արցախի, ՀՀ միջազգային քաղաքականության և կոռուպցիայի դեմ պայքարի մասին

Վարչապետը՝ Արցախի, ՀՀ միջազգային քաղաքականության և կոռուպցիայի դեմ պայքարի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ՆԱՏՕ-ին ուղերձ հղել Ադրբեջանին, որ միջազգային հանրությունը չի ընդունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժով լուծելու ցանկացած փորձ: Այդ մասին Նիկոլ Փաշինյանն ասել է Բրյուսել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով կատարած այցի ընթացքում Euronews-ին տված հարցազրույցում:

Լրատվամիջոցի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած Հայաստանը մասնակցում է Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելություններին, ինչը հնարավորություն է տալիս մասնակցել միջազգային անվտանգության ապահովմանը, սակայն նա Հայաստանն, ընդհանուր առմամբ, տեսնում է ՀԱՊԿ-ում:

«Մենք կմնանք Ռուսաստանի սերտ դաշնակիցը, և հույս ունենք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց նաև ՆԱՏՕ-ի, արևմտյան երկրների, Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ: Մենք չենք պատրաստվում մեր միջազգային քաղաքականությունում կտրուկ շրջադարձեր անել»,- ասել է ՀՀ վարչապետը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը մնալու է Ռուսաստանի դաշնակիցը, թե փորձելու է ավելի մերձենալ ՆԱՏՕ-ին:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ՆԱՏՕ-ի հնարավոր օգնությանը, նշել է, որ դաշինքը կարող է ուղերձ հղել Ադրբեջանին, որ հակամարտության՝ ուժով կարգավորման փորձը կոշտ արձագանքի է արժանանալու միջազգային հանրության կողմից:

«Այս հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով: Ցավոք, Հայաստանի վարչապետ դառնալու առաջին օրերից ես տեսնում եմ, որ Ադրբեջանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ իր ագրեսիվությունը: Ես կարծում եմ, որ իրավիճակն այժմ փոխվում է, քանի որ այս ագրեսիվ քաղաքականությունը միայն Հայաստանի դեմ չէ, ես կարծում եմ, որ այն նաև ժողովրդավարության դեմ է, որովհետև Հայաստանն այժմ իսկապես ժողովրդավարական երկիր է: Եվ ես կարծում եմ, որ Ադրբեջանը վախենում է, որ իր սեփական ժողովուրդը կոգեշնչվի հայկական իրադարձություններից՝ Ադրբեջանում ժողովրդավարական փոփոխություններ նախաձեռնելու համար: Շատ օգտակար կլիներ, եթե ՆԱՏՕ-ն ազդեցիկ ուղերձ հղեր Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժով լուծելու ցանկացած փորձ կոշտ արձագանք կստանա միջազգային հանրության կողմից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նաև նշել է, որ իր ղեկավարած իշխանությունը կամրապնդի Հայաստանում ժողովրդավարությունը միջազգային գործընկերների օգնությամբ, կամ առանց դրա: «Մեզ համար շատ կարևոր է պայքարել կոռուպցիայի դեմ, բայց շատ կարևոր է դա անել օրենքի շրջանակում՝ հարգելով մարդու իրավունքները: Ես Հայաստանում քաղբանտարկյալ եմ եղել, և ինձ համար շատ նվաստացուցիչ կլինի, եթե Հայաստանում մենք նոր քաղբանտարկյալներ ունենանք»,- ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ