12 07 2018

Արտգործնախարարների մտքերի փոխանակում՝ ԼՂ հիմնահարցի շուրջ

Արտգործնախարարների մտքերի փոխանակում՝ ԼՂ հիմնահարցի շուրջ

Ինչպես արդեն հայտնել ենք, հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամադյարովի միջև:

ԱԳՆ-ից տեղեկնում ենք, որ հանդիպմանը ներկա էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` հանդիպումը կազմակերպելու համար և ընդգծել է նրանց հովանու ներքո խաղաղության գործընթացի կարևորությունն ու բանակցային դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը:

Հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ և միտված էր միմյանց տեսակետների հետ ծանոթացմանը: Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ բանակցային գործընթացն այլընտրանք չունի, և այս համատեքստում կարևորել խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը, փոխվստահության ամրապնդմանը, լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը, զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը։ Նա շեշտել է, որ հակամարտության բոլոր կողմերի իրատեսական ու կառուցողական ներգրավվածությունն առաջնային նշանակություն ունի տևական խաղաղության հասնելու ջանքերի արդյունավետության համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի  կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցերի շուրջ: 

Համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին ներկայացրել են իրենց առաջիկա ծրագրերը: Անդրադարձ է կատարվել հետագա քայլերին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ