Տարոն Մարգարյանի հրաժարականի ձգձգումը պայմանավորված էր նրանով, որ նա իր բոլոր գործընկերների նման, ովքեր արդեն հեռացել են, չէր տիրապետում իրավիճակին: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
«Նա չէր հավատում, չէր պատկերացնում, որ ամեն ինչ վերջացած է, դա էր պատճառը և ցանկությունը` այդ սենյակում մեկ օր ավելի մնալ»,- ասաց նա:
Հարցին` ՀՀԿ թիմի որոշո՞ւմն էր Մարգարյանի հրաժարականը, նա պատասխանեց. «Դուք կարծում եք` Հանրապետականում թիմ կա՞ ձևավորված: ՀՀԿ-ն վերջերս բազմիցս ապացուցել է, որ այնտեղ թիմ չկա, կան թևեր, որոնք մեկը մյուսին ծեծում են ՀՀԿ գրասենյակում, որոնք տարբեր թիմերի ու մարդկանց են ներկայացնում: Երևի Տարոն Մարգարյանն ինքն իր թիմն ունի, ինչպես ունեն մնացած կարկառուն հայտնի դեմքերը: Որոշում չի եղել, դա իր որոշումն է եղել»:
Իր առաջադրման հարցին անդրադառնալով Ալեն Սիմոնյանը նշեց, որ հիմա այդ մասին խոսելը սխալ է, որովհետև կա նոր իրավիճակ, որը ենթադրում է Երևանի ավագանու նոր ընտրություններ:
Ինչ վերաբերում է նոր ընտրություններին, ապա Սիմոնյանը ասաց, որ ո'չ «Ելք» դաշինքը, ո'չ ՔՊ-ն չեն քննարկել թեկնածու ունենալու հարցը, և երբ քննարկեն, կտեղեկացնեն: Միևնույն ժամանակ կարծիք հայտնեց, որ ՔՊ թիմի յուրաքանչյուր անդամ հաջողությամբ կարող է իրականացնել այդ լիազորությունները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը