07 07 2018

Արցախի հիմնախնդրի լուծման հարցում բանակցությունները վարողը վարչապետն է. Արմեն Սարգսյան

Արցախի հիմնախնդրի լուծման հարցում բանակցությունները վարողը վարչապետն է. Արմեն Սարգսյան

Արցախի հիմնահարցի լուծման հարցում ուժային լուծումներն ընդունելի չեն: Ցանկացած ռազմական լուծում փնտրելու ճանապարհ լինելու է ողբերգական բոլորի համար՝ և՛ Արցախի, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի: Այս մասին հուլիսի 7-ին «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն. ՄԱՀՀԻ 3-րդ երիտասարդական ֆորումի» ժամանակ ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նախագահի խոսքով՝ եթե որևէ մեկը կասկածում է, որ պատերազմից հետո շարունակելու է, օրինակ՝ շահագործել բնական ռեսուրսները, նավթ վաճառել, ապա դա այդպես չէ: Պատերազմը չի լինելու փոքր, չի լինելու քառօրյա պատերազմ, հսկայական թվով զենքեր կան տարածքում և լինելու է լրիվ դեստրուկտիվ:

«Ռեգիոնի համար անկայունությունը, ռազմական գործողությունները լինելու են ողբերգական: Այդտեղ թող ոչ ոք կասկած չունենա: Հետևաբար լուծման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են:

Արցախի ներկայացուցիչները բանակցային սեղանի շուրջ նախկինում եղել են, և հետո ՀՀ երկու նախագահները ներկայացրել են ոչ միայն Հայաստանի տեսակետը: Այսօր վարչապետն է բանակցողը, բանակցային քաղաքականության ձևավորողը վարչապետն ու ՀՀ արտաքին գործերի նախարարն են»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Ինչ վերաբերում է երկրի նախագահին, Արմեն Սարգսյանն ասաց, որ իր դերն այստեղ լինելու է խորհրդականի.

«Իմ տարիների փորձը կփոխանցեմ իրենց՝ աջակցել ու սատարել և լինել համար մեկ դեսպանը այն քաղաքականության, որը մեր երկիրը վարում է»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ