06 07 2018

Ընտրական օրենսգրքում փոփոխությունների առաջարկը բուռն է քննարկվում

Ընտրական օրենսգրքում փոփոխությունների առաջարկը բուռն է քննարկվում

Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով ԱԺ 4 ուժերի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը հուլիսի 6-ին երրորդ նիստն է անցկացնում:

Առաջին և երկրորդ նիստերում իրենց առաջարկները ներկայացրին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ելք» դաշինքը: «Ծառուկյան» դաշինքի առաջարկները նիստի ընթացքում ներկայացրեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Մինչև 300 հոգուց բաղկացած ցուցակի ավարտը, ըստ մարզերի մեծության, լրացվում են թեկնածուները, և հնարավորություն է ստեղծվում մարզից մինչև 10 թեկնածու լինել»,-ասաց նա:

ՀՀԿ ներկայացուցիչները մտահոգություն հայտնեցին, որ մարզերի բնակչության մեծամասնության որոշելու հերթականության դեպքում ստացվում է, որ մեծ մարզերից մտնում են խորհրդարան, իսկ փոքրերը մնում են: ՀՅԴ-ական Արմեն Ռուստմյանը արձագանեց, թե քննարկումներից համոզվում են , որ ամենից լավ առաջարկն իրենցն է՝ 100% համամասնական բաց ցուցակներ:

Մյուս առաջարկն էր զինվորականների քվեարկության ժամանակ ընտրական տեղամասում արգելել վերադաս սպայի ներկայությունը: ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչ է նշանակում վերադաս սպա: Նա համոզմունք հայտնեց, որ առաջարկը ուղղակի պրոցեսն է բարդացնելու, որևէ խնդիր չի լուծելու, որովհետև ուղեկցող սպաները չեն վերահսկում քվեարկության պրոցեսը:

Դավիթ Հարությունյանը արձանագրեց, որ խնդիրը վերաբերում է ոչ թե սպային, այլ ցանկացած անձին: Նաիրա Զոհրաբյանը համաձայնվեց՝ պետք է ձևակերպում տրվի՝ ցանկացած ուղղորդում ընտրական տեղամասում ինչ կարող է առաջացնել:

Նշենք նաև, որ բացի այս աշխատանքային խումբը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գործում է ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով: Այս հանձնաժողովն արդեն մի քանի նիստ է անցկացրել: Հուլիսի 6-ին հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել հաշմանդամության խնդիրներ ունեցողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների հետ:

Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը կարևորեց սահմանափակ հնարավորություններ ունեցողների քվեարկությունը կազմակերպելու համար առավելագույնս հավասար հնարավորություններ ապահովելը, մասնավորապես՝ տեղամաս, քվեարկության սենյակ հասնելու, ինքնուրույն գրանցվելու քվեարկելու առումով:

«Նախորդ ընտրությունների ժամանակ 70 հազար 500 մարդ օգնողի միջոցով է ընտրություն կատարել, և ես կարծում եմ, որ նրանց մի մասը կարող էր ինքնուրույն ընտրել: Այսինքն՝ զանգվածային վերահսկող քվեարկության հետ ենք գործ ունեցել, ինչը հանցագործություն է»,-ասաց Դանիել Իոաննիսյանը և նշեց, որ 70 հազար ընտրողը հավասար է հինգ մանդատի: Նա նաև անդրադարձավ հայերենին չտիրապետող ընտրողների խնդիրներին:

Նա ասաց, որ քվեարկության կարգի փոփոխություն է նախատեսվում և քվեախցիկում այլևս գրիչ չի լինելու, որևէ բան նշելու կարիք չի լինելու, և ընտրողը պարզապես իր նախընտրած կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկը դնելու է ծրարի մեջ: Հայերենի իմացությունը պարտադիր չէ, և ընտրողը միայն կարող է իր նախընտրած կուսակցության համարը իմանալ, որը մեծ է նշված լինելու, ինչը հնարավորություն կտա նաև սահմանափակ տեսողության անձիք ևս ընտրություն կատարեն: Դիտարկվեց նաև բրայան քվեաթերթիկների հարցը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ