Ստեղծված է աննախադեպ հնարավորություն՝ մեր երկրի ներսում կազմակերպելու արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ: Այս մասին հունիսի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը: Նա նշեց, որ «Հիմնադիր խորհրդարանը» և «Սասնա ծռերն» այսօրվանից իսկ պատրաստվում են սպասելիք ազատ, արդար ընտրություններին: Սեֆիլյանի խոսքով՝ ձևաչափը առաջիկա օրերին պարզ կլինի:
«Բայց այսօր մեր անելիքի նախապատվությունը օր առաջ տղաներին ազատության մեջ տեսնելու աշխատանքն է, որին անձամբ ես լծված եմ: Բոլորը պետք է լինեն ազատության մեջ, իսկ ինչ վերաբերում է դատաքննությանը, ինչպես ասել եմ՝ առաջին շահագրգիռ կողմը մենք ենք, որպեսզի լինի անաչառ դատաքննություն, և բոլորի համար պարզ լինի, թե ինչ է տեղի ունեցել, իսկ տղաների ազատության մեջ լինելը չի խանգարի երբեք դատաքննությանը: Ես չեմ կարծում, որ մեր ժողովրդից որևէ հատված ցանկություն ունի, որ տղաները շարունակեն փակված մնալ»,-ասաց նա և նշեց, որ նրանք ոչ միայն քաղբանտարկյալ են եղել, այլ նաև ռազմագերի:
Անդրադառնալով զոհված ոստիկանների հարազատների բողոքին, որ պահանջում են սպանության մեջ մեղադրվող «Սասնա ծռերի» անդամները անազատության մեջ մնան, Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ ինքը հասկանում է անդառնալի կորուստ է եղել, սակայն բոլորն էլ պետք է հասկանան, որ զոհ են դարձել բռնատիրությանը և հույս հայտնեց, որ մահացած ոստիկանների հարազատներն էլ շուտով կհասկանան դա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը