ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Որպես քաղաքացի, պետք է նշեմ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված այս գործընթացը, այդ թվում՝ օրենքից վեր կանգնած մարդկանց օրենքի դաշտ բերելու և շարքային քաղաքացու դերն արժևորելու գործողությունները, հաճելի են և օգտակար:
Գիտակցում եմ, թե որքան դժվարություններ կան արդեն իսկ ձևավորված կոռուպցիոն համակարգերը քանդելու, մարդկանց նախկին արատավոր սովորությունները վերացնելու և մեր երազած երկիրը կառուցելու կարևոր գործում: Հասկանալի է, որ դրական արդյունքի հասնելու համար երբեմն ընտրված մեթոդները համարժեք են ոչ թե օրենքին, այլ՝ բարդ թիրախին:
Որպես փաստաբան ունեմ հետևյալ մտահոգությունները՝
1. Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը (որոնց ղեկավարների՝ երկրին ծառայելու բարի նպատակի նկատմամբ կասկած չունեմ) սկսել են միջամտել անձանց տնտեսական գործունեությանը և սեփականության իրավունքին:
Մարդկանց բնակարան կամ տնտեսական գործունեության տարածքներ մուտք գործելիս և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելիս, եթե դրանք զուգահեռ լուսաբանվում են, պետք է հասարակությանը տեղեկացնել, թե ինչ առիթի և հիմքի պայմաններում է նման միջամտության անհրաժեշտություն առաջացել: Հակառակ դեպքում, դա կարող է ընկալվել կամայական և ընտրողական (անձնավորված) միջամտություն, որը եթե հանրային այս վստահության ֆոնին, գովելի է, ապա վաղը կարող է դառնալ չարիք նույն հասարակության համար:
Հայաստանում տնտեսական գործունեության հետ կապված ստուգումները կարգավորող օրենք կա, ինչպես նաև՝ հատուկ դրա համար նախատեսված մարմիններ: Տնտեսական գործունեությունը օրենքով սահմանված հիմքով և կարգով ստուգող մարմինների միջոցով վերահսկելը նույնպես արդյունավետ գործիք է և չի ստեղծի այն տպավորությունը, որ «ոստիկանական պետության» հետ գործ ունենք:
2. Քաղաքացիների մի խումբ վտանգավոր անհանդուրժողականություն է դրսևորում այլակարծությանը: Սիրո և համերաշխության լոզունգների ներքո իրականացված իշխանափոխությունը, չի կարող ատելության և հայհոյանքների համար պարարտ հող ստեղծել և սնել դրանք:
Հայհոյանքների, վիրավորանքների և սպառնալիքների թիրախ են դարձել մասնագիտական գործունեություն իրականացնող անձինք՝ լրագրողները և փաստաբանները:
Նոր իշխանության ներկայացուցիչները պետք է հիշեն, որ փաստաբաններին ցանկանում էին թուլացնել նաև նախորդ իշխանությունները, բայց այսօր ամենաշատը նրանք փաստաբանի կարիք ունեն և ամեն ինչ կտային, որպեսզի փաստաբանությունը շատ հզոր լիներ մեր երկրում:
Նոր իշխանության ներկայացուցիչները պետք է գիտակցեն, որ վաղը իրենք էլ են փաստաբանների կարիք ունենալու (նախկինում հաստատ ունեցել են): Հետևաբար, պետք է ամեն ինչ անեն, որպեսզի փաստաբանությունը զարգանա և հզորանա:
Նույն կերպ, լրագրողներն էլ իրենց համարձակ կեցվածքով և սուր գրչով ընդդիմացել են նախկին իշխանություններին: Այսօր էլ, երբ երկրում չկա գործող իշխանություններին հակակշռող ընդդիմություն, թերությունների վերաբերյալ հիմնական աղբյուրը դարձել է լրագրողը:
Կարծում եմ, որ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանը, իր լիազորությունների շրջանակում, կարող է մասնագիտական գործունեություն իրականացնող փաստաբանների և լրագրողների համար ազատ և անկաշկանդ գործելու պայմաններ ապահովել:
Դա նաև ենթադրում է հանրային հայտարարությունների մակարդակով, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ գործիքներով չթույլատրել իր մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբանների և լրագրողների նկատմամբ վիրավորանքների, հայհոյանքների, սպառնալիքների կամ այլ անօրինական գործողությունների դրսևորումներ:
Մեր փաստաբաններն ի վիճակի են պաշտպանել Հայաստանի Հանրապետությունում մեղադրվող ցանկացած անձի:
Մեր լրագրողներն ի վիճակի են վեր հանել խնդրահարույց հարցերը, այդ թվում՝ իշխանությունների թերությունները:
3. Վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ի՝ դատարաններին հրահանգ տալուց խուսափելու հայտարարությունը, առաջինը մեծ ուրախությամբ արձանագրեց փաստաբանական համայնքը:
Վերջերս Նիկոլ Փաշինյանն այսպիսի հայտարարություն արեց՝ «Եթե հանկարծ պարզվի, որ որևէ դատավոր գործում է անձնական շահագրգռվածության, ֆինանսական շահագրգռվածության, կոռուպցիոն շահագրգռվածության, բարեկամային շահագրգռվածության, կլանային շահագրգռվածության շրջանակում, ապա «վայ»-ը եկել և տարել է այդպիսի մարդկանց»:
Կարծում եմ, որ այս հարցում, պետք է որոշակի զգուշություն ցուցաբերել: Դատավորը վարչապետի նշված խոսքի յուրովի մեկնաբանությամբ կարող է իշխանահաճո «արդարադատություն» իրականացնել այն հաշվով, որպեսզի իրեն չմեղադրեն կլանային կամ բարեկամական շահագրգռվածությամբ որոշում կայացնելու համար:
Հուսով եմ վերոհիշյալ մտահոգություններս կփարատվեն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը