23 06 2018

Օրը կգա, գուցե և Սերժ Սարգսյանը կգնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով. Վարչապետի խորհրդական



Հայաստանում շատ չեն մարդիկ, որոնք տիրապետում են ԼՂ հարցով բանակցային ողջ գործընթացին, Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի եթերում ասել է ՀՀ վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանին՝ Խառատյանն ասել է, որ առաջիկայում գուցե և կօգտագործեն Սերժ Սարգսյանի ներուժը։

«Օրը կգա, գուցե և Սերժ Սարգսյանը կգնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով։ Ո՞վ գիտի։ Ես ասում եմ, որ չեմ բացառում Հայաստանի շահերի դիրքից պետական ծառայության համար որևէ մեկի մասնակցությունը, եթե դրա շուրջ լինի հանրային կոնսենսուս և եթե մենք տեսնենք, որ հենց այդ մարդը հենց այդ տեղում շատ պետքական է։ Ոնց որ հիմա Տիգրան Սարգսյանը ԵԱՏՄ-ում ներկայացնում է Հայաստանը, ոնց որ Խաչատուրովը՝ ՀԱՊԿ-ում», - ասել է Ա.Խառատյանը։

Նա նշել է, որ չպետք է խոսել անցայլի և ներկայի մասին, երբ հարցը բերաբերում է ՀՀ շահին: Նրա խոսքով՝ նախկին դիվանագետներ չեն լինում:

Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ուղեկցի որևէ հանդիպման, Ա.Խառատյանը պատասխանել է.

«Որևէ մեկս չգիտենք՝ ինչ կլինի մեկ ամիս հետո, մեկ կամ հինգ տարի հետո։ Իրավիճակներ կարող են փոխվել, որտեղ այդ մարդկանց և գիտելիքը, և իմացությունը, և փորձը անհրաժեշտ կլինի կիրառել։ Եվ այս դուռը պետք չէ փակել։ Երբեք։ Որովհետև կկորցնենք շատ ավելի մեծ բան»։

Նա ևս մեկ անգամ ներկայացրել է արցախյան հակամարտության հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը՝ նշելով, որ Արցախը պետք է գա բանակցային սեղանի շուրջ, վարչապետը չի կարող բանակցել Արցախի անունից: Ադրբեջանի այն կոչերը, որ պատրաստվում են պատերազմին, Խառատյանի կարծիքով նոր չեն, այլ տարիներ շարունակ նույն բանն են կրկնում:

Խառատյանը նաև ասել է, որ այս պահին Փաշինյան-Ալիև հանդիպում Փաշինյան Ալիև այս պահին չի նախատեսվում։ Նա նշել է, որ մինչ այդ կլինի հանդիպում արտգործնախարարների մակարդակով: Վարչապետի խորհրդականը անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ մեկ ամսվա պաշտոնավարման ընթացքում վարչապետը երկու անգամ այցելել է ՌԴ:

«Պուտինը Սերժ Սարգսյանին ճանաչում է 20 տարի, իսկ մեզ ծանոթանում է նոր և բնականաբար բազային վստահության, խոսակցության որակի, միմյանց առավել լավ ճանաչելու ճանապարհ դեռ պիտի անցնենք: Բայց ընդհանուր առմամբ բանակցությունները շատ դրական եմ գնահատում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ