ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Մանվել Գրիգորյանի տանից խուզարկությամբ հայտնաբերված՝ բանակի համար նախատեսված սննդին:
ՀՀԿ փոխնախագահը գրել է.
«ԱԱԾ-ի կողմից ներկայացված տեսանյութից հետո կարող եմ միայն հետևյալն ասել։ Շատ ծանր եմ տարել, ցավ ու կսկիծ ապրել յուրաքանչյուր կասկածանքով ու մեղադրանքով, որ կապված է ապրիլյան պատերազմի ժամանակների հետ։ Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի։
Չեմ ուզում, որ խախտվի անմեղության կանխավարկածը, ոչ էլ քաղաքական գնահատականներ հնչեն ի հայտ եկած նոր հանգամանքներին։ Խնդիրն այլևս բացառապես իրավական դաշտում է։ Աստված պահապան Հայ զինվորին»։
Հիշեցնենք՝ ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում հայտնաբերվել է «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղորայք, զինվորական հանդերձանք: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռեւս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր։
Հանրապետության տասնյակ մանկապարտեզներից, դպրոցներից, համայնքներից զինվորներին ուղարկված սնունդ է հայտնաբերվել կամ պաշտպանության նախարարությանը մատակարարված «զինվորի համար» հատուկ գրությամբ մթերքներ, որոնք ենթակա չեն վաճառքի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը