15 06 2018

Արմեն Աշոտյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին

Արմեն Աշոտյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 14-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանին իր բացակայության հարցին՝ ասելով. «Ես Մոսկվա եկա չորեքշաբթի, և այդ օրը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն էր, և տեղյակ եմ, որ «Հանրապետական» խմբակցության ներկայացուցիչները խոսել են այն մասին, թե ես նախկինում քննադատել եմ վարչապետներին, ովքեր ներկա չէին լինում ԱԺ-ում, իսկ ես, ահա, նույն կերպ եմ վարվում, ես ուզում եմ ընդգծել մի շատ կարևոր տարբերություն. ուրեմն՝ նախորդ Սահմանադրության մեջ շատ հստակ ընդգծվում էր, որ վարչապետն ու Կառավարության անդամները չորեքշաբթի օրվա նիստում պատասխանում են պատգամավորների հարցերին, նոր Սահմանադրության մեջ, որը ՀՀԿ-ի Սահմանադրությունն է, վարչապետի հանգամանքը հատուկ չի ընդգծվում, ինչը դե յուրե հնարավորություն է ստեղծում, որպեսզի վարչապետը, երբեմն, բացակայի ԱԺ-Կառավարություն հարցուպատասխաններից»: 

ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի արձագանքին՝ նշելով.

«Հարգելի գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Ազգային Ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի իրավական երկու հիմք՝ ՀՀ Սահմանադրության հոդված 112 և ՀՀ Ազգային Ժողովի կանոնակարգ֊օրենքի հոդված 40։ Ի դեպ, վերջին օրենքը, որը ուղղակիորեն սահմանում է ԱԺ այդ նիստին ՀՀ վարչապետի ներկա լինելու հանգամանքը, ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ է։ Բարի վերադարձ եմ մաղթում վարչապետին։ Հ.Գ. Իրականում հասկանալի է, որ վարչապետի պաշտոնում թե նախկինում, թե հիմա բազմաթիվ այլ հրատապ գործեր են լինում։ Մոսկվայի հանդիպումները շատ կարևոր եմ համարել, միաժամանակ դիմել եմ կառավարության աշխատակազմին վարչապետի աշխատանքային ժամանակացույցը կազմել ըստ սահմանադրության պարտավորությունների»,-գրել է Աշոտյանը։ Հիշեցնենք, որ մինչ վարչապետ դառնալը, Նիկոլ Փաշինյանն առիթ ունեցել է քննադատելու նախորդ վարչապետերին՝ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանից բացակայության համար:

Վերջին հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն ինքը բացակայում էր՝ Մոսկվա այցի պատճառով, և ՀՀԿ-ն օգտվեց առիթից՝ հիշեցնելով կատարվածը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ