Հունիսի 14-ի երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփեց Մոսկվա կատարած այցի արդյունքները:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման որոշ հարցերի, ինչպես նաև ներհայաստանյան որոշակի իրադարձությունների:
Նիկոլ Փաշինյանը հանդիպումը շատ արդյունավետ է գնահատում՝ նշելով, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացման համար ոչ մի խոչընդոտ չկա, և մնում է ընդամենն այս պոտենցիալն իրացնել և հարաբերությունների զարգացման վրա աշխատել:
Սա վերաբերում է նաև երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններին: Հայաստանի վարչապետը հույս հայտնեց, որ Հայաստանից առաջիկայում շատ մեծ քանակությամբ միրգ ու բանջարեղեն կարտահանվի Ռուսաստանի շուկա. «Համենայն դեպս, Ռուսաստանում սպասում են այդպիսի իրադարձության և մենք պետք է շատ ուշադիր լինենք և ամեն ինչ կազմակերպենք այնպես, որ ֆիտոսանիտարական կանոնները պահպանվեն»:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ առաջին ու ճանաչողական հանդիպման մասով էլ Հայաստանի վարչապետն ասաց, որ այն անցել է շատ լավ, շատ ջերմ մթնոլորտում, քննարկվել են հայ-ռուսական օրակարգի բազմաթիվ հարցեր:
«Ընդհանուր առմամբ, կարող եմ արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունում այսօր շատ լավ տրամադրություն է հաստատված և կա նաև փոխադարձ վստահության մի շատ կարևոր մակարդակ: Իհարկե, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ կարևոր են, և մենք, անպայման, այդ հարաբերություններին մեծ ուշադրությամբ կվերաբերվենք, ինչպես նաև մեծ ուշադրությամբ կվերաբերվենք Եվրամիության, Վրաստանի, Իրանի, և առհասարակ, մեր գործընկեր բոլոր երկրների, կազմակերպությունների, ներպետական միավորների հետ մեր հարաբերություններին»,– ավելացրեց ՀՀ վարչապետը։
Նա նաև տեղեկացրել է,որ առաջիկայում կլինի այց նաև Բրյուսել, որտեղ հանդիպումներ կլինեն ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Անդրադառնալով հայ համայնքի ետ հանդիպմանը, Փաշինյանն ասաց, որ համայնքից ոչ բոլորն էին ներկա, ովքեր կարող էին լինել:
Փաշինյանը նաև ասաց, որ ծանոթացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը