03 06 2018

Արցախի ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ երկրի ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրելուց

Արցախի ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ երկրի ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրելուց

Արցախի ՊՆ-ն հայտարարություն է տարածել` վերջին երկու օրերին Ստեփանակերտում բողոքի ակցիաների կապակցությամբ:

«Սիրելի հայրենակիցներ,

Հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում կենցաղային հողի վրա տեղի ունեցած ցավալի միջադեպն ստացել է հանրային լայն հնչեղություն:

Հաշվի առնելով այն փաստը, որ առաջնագծից ոչ այնքան հեռու գտնվող թիկունքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, որն անգամ թեթևակիորեն կարող է սպառնալ ժողովրդի անվտանգությանը և անդրադառնալ սահմանային իրադրության վրա, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խորին մտահոգություն է հայտնում այդ և դրան հետևած դեպքերի զարգացման վերաբերյալ:

Ընդունելով յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքի բացարձակ գերակայությունը և անթույլատրելի ու դատապարտելի համարելով բռնության ցանկացած դրսևորում՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ առանց այդ էլ արտաքին սպառնալիքների տակ գտնվող մեր երկրի ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից և հարցի հանգուցալուծումը դիտարկել բացառապես իրավական հարթությունում»:

Հիշեցնենք, որ Արցախի ԱԱԾ աշխատակիցների և քաղաքացիների՝ կենցաղային հողի վրա հունիսի 1-ի երեկոյան տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Ստեփանակերտում բողոքի ցույցեր են՝ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի հրաժարականի պահանջով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ