21 05 2018

Մի փորձիր միավոր վաստակել՝ սևացնելով նախկինում արված աշխատանքը. Վիգեն Սարգսյանը՝ Արմեն Գրիգորյանին

Մի փորձիր միավոր վաստակել՝ սևացնելով նախկինում արված աշխատանքը. Վիգեն Սարգսյանը՝ Արմեն Գրիգորյանին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ՀՀ անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ «Ազգ-բանակ» կոնցեպտի մասին հայտարարությանը: Արմեն Գրիգորյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել էր, թե հասարակությանը հայրենիքը սիրել սովորեցնելն անհրաժեշտ չէ:

Վիգեն Սարգսյանը գրել է. «Արմեն Գրիգորյանին Անվտանգության խորհրդի  նորանշանակ քարտուղարին և իմ նախկին ուսանողին Սիրելի Արմեն Շնորհավորում եմ քեզ` բարձր պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթում հաջողություն մեր երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման պատասխանատու գործում: Քո և պաշտպանական ոլորտի մեր նոր ղեկավարների արդյունավետ և հետևողական ծառայությունից է կախված մեր ողջ հասարակության, մեզնից յուրաքանչյուրի, մեր ընտանիքների բարեկեցությունն ու խաղաղ կյանքը:

Ուստի, հուսով եմ, վայրկյան անգամ չես կասկածում, որ սրտանց մաղթում եմ, որ հաջողես, քանի որ ձախողումների գինը յուրաքանչյուրս է վճարելու` յուրաքանչյուր հայ մարդ: Քո և պաշտպանական մեր թիմի հաղթանակները մեր բոլորի երազանքն են: Ունեմ քեզ երկու խորհուրդ: Դրանցից առաջինը՝ ձեր ուսանող տարիներին իմ կողմից տրված խորհրդի հիշեցումն է, իսկ երկրորդը երկար տարիներ տարբեր պաշտոններում հայրենիքին ծառայած մարդու խորհուրդ է՝ նորանշանակ պաշտոնյային: Երբ ուսանող էիք, ես ձեզ միշտ ասել եմ` կարող եք արտահայտել ցանկացած կարծիք, բայց պետք է հստակ պատկերացնեք նյութը, որի մասին կարծիք եք հայտնում, մանրամասն աշխատած լինեք այդ նյութի վրա: Երեկ լսեցի քո հարցազրույցը «Ազատություն» կայքի եթերում:

Պետք է անկեղծ ասեմ՝ հիասթափված եմ: Այդքան վստահ կարծիք ես հայտնում «Ազգ-բանակ» հայեցակարգի մասին` առանց նյութին ծանոթ լինելու: Այն, ինչ երեկ ներկայացնում էիր որպես այդ հայեցակարգի հիմնական թեզ, «Ազգ-բանակ»-ին վերաբերող որևէ փաստաթղթում, ելույթում և դրա շրջանակներում ներդրված որևէ ծրագրում չես կարողանա մատնանշել: Քո հարցազրույցից բխում էր, որ հայեցակարգի առանցքը հասարակությանը հայրենիք սիրել սովորեցնելն է, քանի որ, ըստ քեզ, եկել ենք այն մոտեցումից, որ մեր հասարակությունը հայրենիք չի սիրում:

Այնինչ, իրողությունն այլ է: «Ազգ-բանակի» հիմքում հետևյալն է` երբ բանակդ բնակչության թվի համեմատ անհամաչափ մեծ է, և հետևաբար դրան հատկացվող հանրային ռեսուրսներն անհամաչափ մեծ` պետությունը պարտավոր է այդ լրացուցիչ բեռը դարձնել շարժիչ ուժ` հասարակությանը վերադարձնելով ամենատարբեր ոլորտներում` ռազմական գիտությունից և արդյունաբերությունից մինչև կրթական համակարգ և բուժ.սպասարկում: Բանակը պետք է ավելի թափանցիկ գործի` արձագանքելով հանրության յուրաքանչյուր հարցին և մտահոգությանը: Որպես տնտեսության սուբյեկտ բանակը պետք է նշաձող սահմանի և տնտեսական մրցակցության, և կոռուպցիայի դեմ պայքարի, և արդյունավետության բարձրացման ոլորտում: «Ազգ-բանակը» ոչ թե հասարակությանը` հայրենիք սիրել սովորեցնելու, այլ այն ավելի արդյունավետ պաշտպանելու կարողություն տալու մասին է:

Այդ թվում` ակտիվ պահեստազորի ներդրման, ժամկետային և պայմանագրային ծառայությունը համադրելու, զինծառայողների համար սոց.պաշտպանության ավելի գործնական մեխանիզմներ ներդնելու միջոցով: Կրկնվեմ, յուրաքանչյուր ոք ազատ է իր կարծիքն արտահայտելու հարցում: Սակայն, կարծիք արտահայտող հանրային պաշտոնյան գոնե պարտավոր է շատ հստակ պատկերացնել, թե ինչի մասին է խոսում: Պարոն Գրիգորյան, պաշտոնը պարտավորեցնում է, առավելևս՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Որպես նախկին պաշտոնյա՝ ներկայումս բեռ կրող մարդու, ուզում եմ մի կողմից համբերություն և կատարած աշխատանքի արդյունքներով ուրախանալու առիթներ մաղթել, մյուս կողմից էլ խորհուրդ տալ` անկախ բեռի ծանրությունից և պատասխանատվության ծավալից մի փորձիր միավոր վաստակել՝ սևացնելով նախկինում արած աշխատանքը: Արա քո գործն, արա այն ավելի լավ, ավելի արդյունավետ, և հասարակությունն անպայման կգնահատի: Երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը բոլորիս սրբազան առաքելությունն է:

Տրոհելով այն յուրայինների և օտարների, դու փորձում ես հարվածել Հայոց բանակի կերտման և Արցախյան հաղթանակների ակունքներում կանգնած ուժին, ինչը, գուցե, հարիր է քաղաքական այս կամ այն թևի ներկայացուցչին, բայց ոչ՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին: Ժամանակն է վեր կանգնել դրանից, և պետական մտածելակերպ ստանձնել: Իրողություններ են փոխվել նաև քո համար: Աստված պահապան մեր սպային և զինվորին, մեր Ազգ-Բանակին, մեր Հայաստանին և Արցախին: Ուժ և խոհեմություն մեր երկրի ղեկավարներին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ