19 05 2018

Հայ-թուրքական սահմանը բացել՝ առանց նախապայմանների. Թուրքիայի նախագահի թեկնածու

Հայ-թուրքական սահմանը բացել՝ առանց նախապայմանների. Թուրքիայի նախագահի թեկնածու

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ, այժմ նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում թուրք-հայկական սահմանը կբացվի՝ առանց որևէ նախապայմանի: Այս մասին գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը։

«Կվերացվի Հայաստանի հանդեպ կիրառվող տնտեսական շրջափակումը, կզարգացվեն անհրաժեշտ քաղաքական, տնտեսական ու դիվանագիտական հարաբերությունները, Թուրքիայի կողմից միակողմանի կերպով փակված հայ-թուրքական սահմանը կբացվի՝ առանց նախապայմանների։ Մենք նաև կաջակցենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա արցախյան հիմնախնդրի՝ խաղաղ ճանապարհով լուծման ջանքերին»,- նշված է Դեմիրթաշի նախընտրական ծրագրում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ արած հայտարարություններին, ասել էր․ «Իհարկե, նախ տեսնենք, եթե Հայաստանը Թուրքիայի նկատմամբ տարիներ շարունակ ունեցած թշնամական դիրքորոշումից, Թուրքիայի տարածքային ամբողջականության հանդեպ ունեցած սխալ դիրքորոշումներից հրաժարվի․․․Եթե այդ ամենից հրաժարվի ու ցանկանա նոր էջ բացել՝ մենք կուսումնասիրենք հարցի մանրամասներն ու համարժեք պատասխան կտանք: Մենք ոչ ոքի ու հատկապես մեր հարևանների հետ թշնամանքի մեջ լինել չենք ցանկանում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ