08 05 2018

Նիկոլ Փաշինյանը շնորհավորանքներ է ստանում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորանքներ է ստանում

Վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը ստացել է մի շարք շնորհավորական ուղերձներ:

***

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում ասվում է. «Ակնկալում եմ, որ կառավարության ղեկավարի ձեր գործունեությունը կնպաստի մեր երկրների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը, Անկախ Պետությունների Համագործակցության, Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործընկերային փոխգործակցությանը»: 

***

ՌԴ վարչապետի պաշտոնակատար Դմիտրի Մեդվեդևի ուղերձում ասվում է. «Վստահ եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար համագործակցության հետագա զարգացումը, տարբեր ոլորտներում խոշոր համատեղ ծրագրերի իրականացումն ու ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության ամրապնդումն ամբողջապես համապատասխանում են Ռուսաստանի ու Հայաստանի շահերին»:

***

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի ուղերձում ասվում է «Սիրելի՛ պարոն Փաշինյան, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի մայրավանքից Հայրապետական օրհնությամբ, քրիստոնեական ջերմ սիրով ու ազգային վառ ապրումներով ողջունում ենք Ձեր՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելը: ...

Սիրելի՛ պարոն վարչապետ, Ժողովրդի թեկնածուն լինելը մեծ պատիվ է ու միաժամանակ՝ ծանր պարտավորություն։ Մենք ակնկալում ենք, որ Ձեր տված խոստումները, բարոյական արժեքների ու մարդու իրավունքների ամուր պահպանմամբ, կյանքի կկոչեք։ Ակնկալում ենք, որ հայրենի մեր ժողովրդի, Արցախի ու մեր ազգի գերագույն շահերն ու ձգտումները քաղաքական նկատառումներից վեր կդասեք, ինչպես նաև միասնական հայրենիքի ու ազգի սկզբունքին՝ Հայաստան-Սփյուռք համագործակցությանը նոր ծավալ ու որակ հաղորդելով՝ այն կդարձնեք Ձեր կյանքի ու գործունեության շարժիչ ուժը։ Ջերմորեն շնորհավորում ենք Ձեր ընտրությունը, մշտապես մնալու ենք աջակից Ձեզ ու Ձեր գլխավորած կառավարությանը, ինչպես նաև գործնական մասնակիցը հայրենաշինության առաքելությանը»։

***

Արցախի նախագահ Բակո Սահակյանի ուղերձում ասվում է. «Մեծարգո՛ պարոն Փաշինյան, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Հուսով եմ, որ Ձեր կողմից ձևավորված կառավարությունը կշարունակի անել հնարավորը հայոց անկախ պետականության զորացման, ժողովրդի պաշտպանունակության ամրապնդման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ընդլայնման ու խորացման ուղղությամբ:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ՝ ի նպաստ մեր հայրենիքի և հայ ժողովրդի»։

***

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորագրում ասվում է. «ՀՀ Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք Ձեզ Մեր շնորհավորանքներն ու օրհնությունը: Պատասխանատու այս պաշտոնին Դուք կոչվում եք երկրում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակի պայմաններում՝ հանրային լայն շրջանակների աջակցությամբ, քաղաքական ընդարձակ խորհրդակցությունների արդյունքում: Լիահույս ենք, որ նախանձախնդիր ու հետևողական ջանքերով պիտի նպաստեք մեր երկրում կայունության հաստատմանը և մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծմանը՝ հանուն մեր հայրենիքի զորացման ու առաջընթացի»:

***

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի շնորհավորական ուղերձում ասվում է. «Հայաստանի խորհրդարանի կողմից այսօր կայացված որոշումը ցույց է տալիս, որ սահմանադրական բարեփոխումը, որն իրականացվում է մեր կազմակերպության օգնությամբ, սկսում է կյանքի կոչվել: Այս գործընթացը պետք է շարունակվի՝ համաձայն հայ ժողովրդի ցանկությունների:

Եվրոպայի խորհուրդը պատրաստ է ցուցաբերել հետագա աջակցություն Հայաստանի իշխանություններին այս շատ կարևոր գործընթացում՝ հիմնված մարդու իրավունքների, ժողովրդավարության ու օրենքի գերակայության վրա»:

***

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շնորհավորական ուղերձում ասվում է. «Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր քաղաքական փորձը եւ համաժողովրդական աջակցությունը թույլ կտա ձեր կողմից գլխավորվող կառավարությանը կարճ ժամանակում իրականացնել հայտարարված բարեփոխումները, որի արդյունքը կդառնա Հայաստանի համակողմանի զարգացման հզոր թռիչքը, միջազգային հարթակում նրա դիրքերի հետագա ամրապնդումը։ Այսպիսի ստեղծագործ գործունեության հաջողության երաշխիքը հայ ժողովրդի միասնությունն ու բարձր համախմբվածությունն է, նրա պատրաստակամությունը ակտիվորեն ներգրավվել մեր երկրի արդիականացման աշխատանքին։ Հայաստանի Հանրապետությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առավել ակտիվ անդամներից է, մշտապես համակ ուշադրություն է դարձրել նրա գործունեության կատարելագորման անհրաժեշտությանը՝ միաժամանակ առաջ քաշելով կարեւոր նախաձեռնություններ՝ ուղղված անվտանգության ապահովմանը, այդ թվում՝ Կովկասյան տարածաշրջանի հավաքական անվտանգության առումով։ Ակնկալում եմ ՀԱՊԿ ամրապնդման գործում ինտենսիվ համագործակցության շարունակում, նրա առջեւ կանգնած խնդիրների լուծում՝ կազմակերպության բոլոր անդամ պետությունների շահերը հաշվի առնլով։ Այս հիշարժան օրվա առթիվ, հարգելի Նիկոլ Փաշինյան, ընդունեք իմ լավագույն բարեմաղթանքները, քաջ առողջություն, բարեկեցություն եւ մեծ հաջողություններ Ձեզ այս պատասխանատու պաշտոնում»։

***

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին իր թվիթերյան էջում գրել է. «Շնորհավորում եմ Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ձեզ ամենայն բարիք եմ ցանկանում ապագա նախաձեռնություններում։ Վրաստանը հաստատակամորեն աջակցում է եղբայրական Հայաստանին։ Ակնկալում եմ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ ամուր եւ բարեկամական կապերի հետագա ամրապնդում»։

***

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի ուղերձում ասվում է.

«Թույլ տվե՛ք անձամբ իմ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անունից շնորհավորել ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ ձեր քաղաքական և պրոֆեսիոնալ փորձը, ինչպես նաև հասարակական վստահության և աջակցության բարձր մակարդակը կծառայեն հայկական տնտեսության, սոցիալական ոլորտի և պետականության զարգացմանը:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության ակտիվ և կարևոր անդամ է: Մեր միության հաջողությունն ու մրցունակությունը մեծապես կախված է անդամ երկրների տնտեսական բարգավաճումից: Վստահ եմ, որ ներդրումը, որը կունենա Հայաստանը մեր միության զարգացման և ամրապնդման գործում, միայն աճելու է:

Օգտվելով առիթից, հարգելի՛ պարոն Փաշինյան, ցանկանում եմ շնորհավորել ձեզ հաղթանակի օրվա առթիվ, որը միավորել է մեր ինտեգրացիոն միության պետություններն ու ժողովուրդներին»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ