Այն բանից հետո, երբ Ազգային ժողովը չընտրեց վարչապետ, Հայաստանում վերսկսվել են բողոքի ակտիվ ակցիաները:
Փակ են Երևանի և մարզերի մի շարք ավտոճանապարհներ, այդ թվում նաև դեպի օդանավակայան տանող ճանապարհները: Գործադուլի և դասադուլի ակցիաներ են իրականացվում Հանրապետության տարբեր բնակավայրերում:
***
Ցուցարարները փակել են նաև նախարարությունների շենքերը:
***
Փակ են Հանրապետության հրապարակի բոլոր 6 մուտքերը:
Չի գործում նաև Երևանի մետրոպոլիտենը:
***
Արշակունյանց փողոցի սկզբնամասում ցուցարարներին միացավ «Իմ քայլը» շարժման առաջանորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Դիմելով քաղաքացիներին՝ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ փողոցները պետք է փակ մնան միչև 17:00-ն որից հետո քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան գալ Հանրապետության հրապարակ:
***
Խորհրդարանական քառօրյան չկայացավ. Քվորում չկար
Մայիսի 2-ին պետք է մեկնարկեր ԱԺ հերթական քառօրյան, սակայն նիստը հետաձգվեց քվորում չլինելու պատճառով:
Գրանցվել էր ընդամենը 27 պատգամավոր:
Ըստ ԱԺ կանոնակարգի, գրանցումը շարունակվելու է այնքան մինչև անհրաժեշտ թվով պատգամավորներ գրանցվեն, բայց ոչ ավելի քան 4 ժամ:
Վարման կարգով ելույթ ունեցավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը և նշեց, որ երկրում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել և «Ծառուկյան» դաշինքը հայտարարում է 4 օրյա բոյկոտ և չի մասնակցելու այս քառօրյային:
«Ելք» և ՀՅԴ խմբակցությունները ևս չէին մասնակցում նիստին: Իսկ ՀՀԿ-ից մասնակցում էին փոքրաթիվ պատգամավորներ:
***
ՊՆ-ն ի կոչը՝ ցուցարարներին
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է.
«Ելնելով երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ՀՀ ՊՆ-ը և ԶՈւ-երը շարունակում են 24 ժամյա ռեժիմում լիարժեք իրականացնել իրենց առջև դրված խնդիրները և ապահովել մեր հայրենիքի պաշտպանությունը: Անհրաժեշտ է ապահովել զինվորական պետհամարանիշներով մեքենաների և զինվորական շարասյունների անխափան տեղաշարժերը հանրապետության ողջ տարածքում: Այդ տեղաշարժերը պետք է լինեն առանց որևէ խոչընդոտի, անարգել և ճիշտ ժամանակին»,- նշված է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ:
***
ԵՄ-ն առճակատումից խուսափելու կոչ է անում
ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում Հայաստանում ընթացող գործընթացների բոլոր կողմերին խուսափել առճակատումից:
«Եվրոպական միությունը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի՝ բարգավաճող ու ժողովրդավար հասարակության կառուցմանն ուղղված ջանքերին: Նախկինի պես կարևոր է, որ ներգրավված բոլոր կողմերը՝ այդ թվում նաև օրենքի պահպաններն ու հավաքների և խոսքի ազատության իրենց իրավունքն օգտագործողները, խուսափեն առճակատումից, ցուցաբերեն զսպվածություն ու պատասխանատվություն, ինչպես որ եղել է վերջին օրերի ընթացքում: Եվրոպական միությունը շարունակում է քաջալերել բոլոր կողմերին՝ այդ թվում նաև քաղաքացիական հասարակությանը, Սահմանադրությանը համապատասխան ու բոլոր հայերի շահից բխող նոր կառավարության ժողովրդավարական ձևավորմանն ուղղված համապարփակ երկխոսություն սկսելու հարցում»:
***
ՀՀ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է արել, որում նշված է. «Սիրելի հայրենակիցներ, Երեկ Ազգային ժողովը չկարողացավ ընտրել երկրի վարչապետ: Խորապես ցավում եմ, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է, չնայած այն բանին, որ բոլորն էլ հայտարարում են երկրի ապագայի համար դրա վտանգավորության մասին: Մեր բոլորի ուշադրությունը սևեռված է ներգրավված քաղաքական ուժերի գործողությունների վրա: Կոչ եմ անում առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակել խորհրդակցությունները ճգնաժամից ելք գտնելու ուղղությամբ, որը կծառայի մեր ընդհանուր ազգային շահերին»:
***
Բողոքի ցույց՝ արդարադատության նախարարության դիմաց
Մի շարք փաստաբաններ հավաքվել են արդարադատության նախարարության մուտքի մոտ և պահանջում են, որ նախարար Դավիթ Հարությունյանն ընդունի իրենց:
Արդարադատության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով.
«Նախարարության մուտքի շրջափակումը սահմանափակում է Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիների՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրամադրվող մի շարք կարևոր և հրատապ ծառայություններ ստանալու հնարավորությունը: Տեղեկացնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության շենքում գործող ընդունարանը մատուցում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի մի շարք ծառայություններ, մասնավորապես, ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում, փաստաթղթերի միջազգային վավերացում (ապոստիլ), օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ ամուսնության թույլտվության վերաբերյալ տեղեկանքների տրամադրում և այլն:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ արդարադատության նախարարությունը խնդրում է հավաքի մասնակցիներին հարգել այլոց իրավունքները և չխոչընդոտել Նախարարության գործունեությունը»:
***
Բողոքի ցույց՝ մշակույթի նախարարության դիմաց
ՀՀ մշակույթի բազմաթիվ գործիչներ հավաքվել են մշակույթի նախարարության դիմաց և պահանջում են, որ նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը մայիսի 2-ի երեկոյան իրենց առաջնորդի դեպի Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի:
***
Երեխաներին թողնել տանը, չկապել փողկապ, չվերցնել պայուսակ ու դանակ, վերցնել ջրի պաշար. ԱԻՆ կոչը
Հայտարարություն է տարածել արտակարգ իրավիճակների նախարարությունը, որում նշում է.
«ՀՀ մայրաքաղաք Երևանում և այլ բնակավայրերում բողոքի զանգվածային ցույցերի, բազմամարդ հանրահավաքների, շինությունների շրջափակման, ճանապարհների արգելափակման և ավտոերթերի արդյունքում առաջացած մարդկային ու ճանապարհատրանսպորտային միջոցների կուտակումներն առանձին դեպքերում կարող են հանգեցնել արտակարգ պատահարների:
Սիրելի ժողովուրդ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է ավտոճանապարհներին և մարդաշատ վայրերում պահպանել զգուշություն: Կոչ ենք անում հանրահավաքների և երթերի ընթացքում ցուցաբերել աչալրջություն՝ հաշվի առնելով, որ մարդկանց զանգվածային հավաքների և անկանոն տեղաշարժի հետևանքով առաջացող հրմշտոցը, խուճապը կարող են հանգեցնել մարմնական, այդ թվում՝ նաև կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների: Նման իրավիճակներում հատկապես խոցելի են կանայք, երեխաները և տարեցները:
Հավաքների և երթերի մասնակիցներին հորդորում ենք՝
Հիշեցնում ենք, որ հանրահավաքների, ցույցերի և երթերի ընթացքում վտանգավոր է նաև տարատեսակ հրագործական՝ ճայթռուկների, հրավառությունների, ծխագլանակների, ջահերի և այլ միջոցների կիրառումը: Ուստի՝ հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ցուցաբերել առավելագույն զգուշություն և հնարավորիս զերծ մնալ ցանկացած տիպի հրագործական միջոցների կիրառումից, հատկապես՝ մարդկային զանգվածի մեջ գտնվելիս, քանի որ դրանց կիրառումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, հատկապես, եթե մարդկանց հագին կա սինթետիկ, դյուրավառ հագուստ:
Հաշվի առնելով բազմամարդ հանրահավաքների ժամանակ կիրառվող լուսաձայնային մեծաքանակ տեխնիկայի առկայությունը՝ հանրահավաքների մասնակիցներին հորդորում ենք լուսաձայնային սարքավորումներից և էլեկտրական լարերից պահպանել անվտանգ հեռավորություն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հիշեցնում է, որ ցանկացած իրավիճակում անվտանգության կանոնների պահպանումը և արտակարգ դեպքի ռիսկի կանխումը մարդկային կյանքերի փրկության ու առողջության պահպանման գրավականն է:
Հիշեցնում ենք, որ ցանկացած արտակարգ իրավիճակի դեպքում անհրաժեշտ է զանգահարել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն՝ շուրջօրյա, անվճար 911 կամ 112 հեռախոսահամարներով»:
***
Վարչապետը կարող է ընտրվել միայն խորհրդարանում. Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել՝ բոլոր քաղաքական ուժերին կոչ անելով կամք, վճռականություն և ճկունություն ցուցաբերել: Հաղորդագրության մեջ ասվում է.
«Հարգելի՛ քաղաքացիներ, Ելնելով այսօր մեր երկրում ստեղծված իրավիճակից, ինչպես նաև պառլամենտական կառավարման համակարգի առանձնահատկություններից՝ դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին՝ կամք, վճռականություն և ճկունություն ցուցաբերել, նստել մի սեղանի շուրջ: Բոլորս գիտակցում ենք, որ անհրաժեշտ են քաղաքակիրթ և կիրառական արագ լուծումներ՝ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, որքան էլ դա դժվար թվա: Վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանում՝ սահմանադրական ճանապարհով։ Այլ լուծում գոյություն չունի՝ ոչ տեսականորեն, ոչ պրակտիկորեն: Վստահ եմ, որ համատեղ ուժերով այս փորձությունն էլ մեր երկիրը կհաղթահարի»:
***
Պատգամավորների նկատմամբ իրականացվում են աղաղակող ապօրինություններ. Արա Բաբլոյան
Վերջին օրերին և հատկապես այսօր Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ իրականացվում են աղաղակող ապօրինություններ, ինչի հետևանքով խաթարվում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը: Այս մասին ասվում է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ։ «Հորդորում եմ ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել սոցիալական ցանցերում, փողոցներում և հանրային այլ վայրերում Ազգային ժողովի պատգամավորների հասցեին վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնելուց, դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների հեռախոսահամարների և հասցեների հրապարակումը: Հորդորում եմ դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը, ձեռնպահ մնալ Ազգային ժողովի պատգամավորների անձնական կյանքի միջամտություններից:
Նմանատիպ գործողությունները չեն կարող հանգեցնել որևէ դրական տեղաշարժի, չեն կարող տևական ժամանակ հանդուրժվել պետական մարմինների և մեր քաղաքացիների կողմից: Մեկ անգամ ևս հորդորում եմ մեր բոլոր քաղաքացիններին և հատկապես երիտասարդությանը ցուցաբերել ողջախոհություն, զսպվածություն և հանդուրժողականություն»,- ասվում է հայտարարությունում:
***
Նշանակվել է նոր վարչապետի ընտրության օրը
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հետևյալ հայտարարությունն է տարածել.
«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»:
***
ՀՀԿ-ն մայիսի 8-ին կսատարի Խորհրդարանի 1/3 կողմից առաջադրված թեկնածուին
Հայաստանը մայիսի 8-ին կունենա վարչապետ, իսկ ՀՀԿ-ն աջակցելու է Խորհրդարանի 1/3 կողմից առաջադրված թեկնածուին: Հանրապետականը սեփական թեկնածու չի առաջադրի: Այս մասին ՀՀԿ խմբակցության նիստից հետո հայտարարությունը կարդաց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
ԱԺ «ՀՀԿ» խմբակցության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև:«Մենք դրական ենք գնահատում փաստը, որ Ազգային ժողովի քննարկումներում խորհրդարանական չորս խմբակցությունների կողմից հնչեցին առկա գրեթե բոլոր մտահոգությունները, որոնք կան երկրում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու տեսանկյունից: Հանրապետականի կողմից հնչեցված մտահոգությունների մի մասը վարչապետի թեկնածուի հետ հարցուպատասխանի ընթացքում փարատվեց, բայց ամենակարևորները դեռ մնացել են անպատասխան: Այդ հարցերն անկյունաքարային են ոչ թե Հանրապետական կուսակցության, այլ մեր երկրի հենց վաղվա համար:
Հանրապետականը լուռ ու անպատասխան իր վրա վերցրեց մեղադրանքները, որոնք իր հետ իրականում քիչ կապ ունեին: Վերցրեց հանուն երկրի, հանուն վաղվա` հույսով, որ ովքեր պետք է ընկալեին, ընկալեցին մեր ասելիքը: Այժմ, հաշվի առնելով երկրին անհապաղ կայուն ընթացք վերադարձնելու հրամայականը, ի գիտություն ընդունելով ս.թ. մայիսի մեկին ՀՀ ԱԺ-ում վարչապետի ընտրության գործընթացում հնչած դիրքորոշումներն ու քվեարկության արդյունքները` ՀՀԿ խմբակցության անունից հայտարարում եմ.Հայաստանի Հանրապետությունը մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ:Կոչ ենք անում անհապաղ վերացնել տիրող անընդունելի վիճակը, բացել մայրաքաղաքի ու հանրապետության փողոցներն ու մայրուղիները, շտապ դադարեցնել օդանավակայանի հերթական շրջափակումը, դադարեցնել անհանդուրժողականության քարոզը և վերադառնալ սահմանադրական ճանապարհով ենթադրվող անհրաժեշտ գործողությունների դաշտ»:
Նշենք, որ խմբակցության նիստը կայացավ երկու մասով. առաջինին մասնակցում էր կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:
***
«Ծառուկյան» խմբակցությունը դարձյալ կպաշտպանի «ժողովրդի թեկնածուին». հայտարարություն
Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մայիսի 2-ի տեղի է ունեցել «Քայլ արա» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն ասաց, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը պաշտպանելու է ժողովրդի թեկնածուին վարչապետի ընտրոթյան ժամանակ:
«Կային տարբեր խոսակցություններ։ Այսօր այստեղ եմ մեկ անգամ ասելու, որ հաղթանակը ժողովրդինն է, մենք ժողովրդի թեկնածուին քվեարկելու եմ կողմ։ Մեր խոսքը գործ է, մենք ժողովրդի թեկնածուի կողքին ենք»,- նշեց Գագիկ Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցությունը ևս նիստ է արել և որոշել աջակցել ԱԺ պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին վարչապետի պաշտոնին ընտրվելու հարցում:
***
Բողոքի ակցիաները դադարեցվում են
Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մայիսի 3-ին որևէ ակցիա չեն անելու, քանի որ երկրում քաղաքական իրավիճակ է փոխվել: Գրավոր համաձայնություն կստանան ՀՀԿ-ից՝ իրեն վարչապետ ընտրվելու հարցում սատարելու վերաբերյալ: Համաձայնության դեպքում՝ կպատրաստվեն ընտրություններին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը