25 04 2018

Ուշ թե շուտ տեղի էր ունենալու այսպիսի հեղափոխություն, անսպասելին պահն ու ձևն էր. Վազգեն Մանուկյան

Ուշ թե շուտ տեղի էր ունենալու այսպիսի հեղափոխություն, անսպասելին պահն ու ձևն էր. Վազգեն Մանուկյան

 

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկել է ստեղծված իրավիճակի հանգուցալուծման իր ճանապարհային քարտեզը։

Վազգեն Մանուկյանի հայտարարության մեջ ասվում է. «Այն, ինչ կատարվեց Հայաստանում, ֆանտաստիկ էր, և անկեղծ ասած՝ ինձ համար էլ էր անսպասելի: Ակնհայտ էր, որ Հայաստանում ուշ թե շուտ տեղի էր ունենալու այսպիսի հեղափոխություն, բայց անսպասելի էր, որ այս պահին և այս ձևով:

Առաջին փուլը, որը վերջացավ Սերժ Սարգսյանի հրաժարականով, տվեց բավականին դրական արդյունքներ. միջազգային կարծիքը՝ մի կողմից, որը կարևոր է, բայց ինձ համար վճռական նշանակություն ունի այն, ինչ կատարվում է Հայաստանում. քաղաքականության մեջ մտավ երիտասարդների մի մեծ շերտ, որը քաղաքական մեծ փորձ չունի, բայց ունի երազանքներ, էներգիա և ցանկություն երկիրը տեսնելու իր պատկերացրած ձևով:

Այս պահին խոսքը գնում է այն մասին, թե ինչպես օգտագործել կուտակված էներգիան և ձեռք բերված փորձը:

Ինչքանով կարողանում եմ դատել, ժողովրդական ցուցարարների կողմը հստակ ձևակերպել է իր պահանջը, որի հիմքում ընկած է Ազգային ժողովի լուծարումը և նոր խորհրդարանի ձևավորումը: Կարեն Կարապետյանը նույնպես հայտարարեց, որ իշխանությունները համաձայն են քննարկվել խորհրդարանը լուծարելու, անգամ անհապաղ լուծարելու հարցը, բայց դա պետք է որոշում դառնա բանակցությունների միջոցով:

Բնական է, որ իրավիճակի այլ լուծումներ էլ կան, բայց դրանց մասին խոսելն արդեն անիմաստ է, պետք է քննարկել այս տարբերակները, որոնց ճանապարհային քարտեզը ես տեսնում եմ հետևյալ կերպ.

  1. Ազգային ժողովը ձևավորում է Ազգային համաձայնության կառավարություն:
  2. Ազգային ժողովն անհապաղ (20-30 օրվա ընթացքում) մշակում է նոր ընտրական օրենքի նախագիծ, ընդ որում նախագիծը հիմնականում մշակում է ընդդիմությունը, և եթե օրենքի նախագիծը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը և միջազգային օրենքներին, ապա Ազգային ժողովը պարտավորվում է այն ընդունել:
  3. Տեղի են ունենում նոր խորհրդարանական ընտրություններ: Բայց այստեղ մի կարևոր հարց կա՝ ընդհանրապես գոյություն ունի միջազգային նորմ, որը պարտադիր չէ, բայց ավանդույթի ուժ ունի, ըստ որի ընտրական օրենքը կարելի է փոխել միայն ընտրություններից առնվազն 6 ամիս առաջ: Կարելի է այդ նորմը բանի տեղ չդնել և խորհրդարանական ընտրություններն անցկացնել անմիջապես, բայց այդ 6 ամսի պահանջն ունի ներքին տրամաբանություն. երբ խաղի կանոնները փոխվում են, կուսակցություններին տրվում է ժամանակ, որպեսզի կարողանան նոր խաղի կանոններով առաջնորդվել, և ես կարծում եմ՝ դա ճիշտ է: Այս պահին նոր ընտրություններ անցկացնելը կնշանակի ձևավորել մի խորհրդարան, որտեղ ներկայացված չէ հասարակության ամբողջ պալիտրան: Իսկ հասարակության պալիտրան այս օրերի ընթացքում արագորեն փոխվում է, և գոնե 6 ամիս ժամանակ է պետք, որպեսզի այն ձևավորվի կուսակցաշինության միջոցով և ոչ թե հեղափոխական տրամադրություններով: Ես նույնիսկ գտնում եմ, որ ազգային համաձայնության կառավարությունը պետք է գործի գոնե մեկ տարի:
  4. Այս բոլոր հարցերի վերաբերյալ ստորագրվում է համաձայնագիր Ազգային ժողովի խմբակցությունների միջև»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ