Երևանի Հանրապետության հրապարակում բազմամարդ հանրահավաք է անցկացնում ԱԺ քաղաքացիական խաղաղ անհնազանդությունների կազմակերպիչ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Ապրիլի 23-ի ցերեկը ՀՀ վարչապետի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ որոշում է կայացվել դիմել գլխավոր դատախազին՝ պատգամավորներին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ:
Այնուհետև Կարեն Կարապետյանն այցելեց Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման:
Ազատ արձակվելով ձերբակալվածների պահման վայրից, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բոլոր հարցերին պատասխան կտա հանրահավաքում:
Այնուհետև վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին:
Ներկայացնում ենք հատվածներ ելույթներից
Արարատ Միրզոյան, ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինք
Օլիգարխները, բիզնեսմենները պետական իշխանության մեջ ներգրավված չեն լինելու:
Պետական իշխանության մեջ ներգրավված մարդիկ բիզնես հնարավորություններ չեն ունենալու:
Մենք պետք է կարգավորենք ընտրական օրենսգիրքը: Պետք է Հայաստանում անցկացվեն ազատ ու արդար ընտրություններ:
Նիկոլ Փաշինյան
Երեկ առավոտյան Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ իմ և Սերժ Սարգսյանի արդեն հայտնի հանդիպումը: Եվ նա կեսից թողեց-հեռացավ: Այդ պահից իսկ ինձ համար հասկանալի էր, որ նա այլևս հեռացել է նաև վարչապետի պաշտոնից:
Երբ ԱԱԾ աշխատակիցներն ինձ առևանգեցին և տանում էին ոստիկանության Սևանի բաժին, ես հումորներ էի անում: Նրանք, սակայն, ինձ չէին հասկանում: Ես նրանց ասում է, որ այս պահից Հայաստանում կա նոր իշխանություն և նրա անունն է Հայաստանի Հանրապետության ժողովուրդ:
Ինձ պահում էին կատարյալ մեկուսացման պայմաններում, իսկ երբ ինձ այցելեցին բարձրաստիճան պաշտոնյաները, ես հասկացա, որ մենք հաղթել ենք:
Այսօր առավոտյան ինձ առաջարկում էին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա հոկտեմբերին: Երկու ժամից ինձ առաջարկում էին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա մեկ ամսից: Հետո առաջարկեցին, որ հրաժարական տա ապրիլի 25-ին: Ես ասացի, որ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա երկու ժամվա ընթացքում, և երկու ժամվա ընթացքում հրաժարական տվեց:
Սերժ Սարգսյանի հրաժարականը մեր առաջին պահանջն էր:
Երկրորդ պահանջն է, որ Ազգային ժողովը վարչապետ է նշանակում ժողովրդի թեկնածուին: Դա պետք է տեղի ունենա մեկ շաբաթվա ընթացքում: Դրանից հետո ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, որից հետո պետք է տեղի ունենան հնարավոր ամենաշուտ տրամաբանական ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Մենք ասացինք, որ պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի իշխանությունից հեռացման և իշխանության անցնցում հանձնման պայմանները:
Մենք պատրաստվում ենք չորեքշաբթի, առավոտյան 11-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում շարունակել բանակցությունները իշխանության անցնցում փոխանցման շուրջ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Ես հույս ունեմ, որ ՀՀԿ վերնախավը միանշանակ և անվերապահորեն կճանաչի ժողովրդական թավշյա, ոչ բռնի հեղափոխության հաղթանակը: Եվ այս փաստի արձանագրումը որքան շուտ տեղի ունենա, այնքան ավելի լավ ՀՀ-ի և ԼՂՀ-ի համար:
Ես ուզում եմ, որ մենք միանշանակ և աներկբա արձանագրենք՝ մեր հռչակած թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունը չի կարող կիսատ մնալ, այն պետք է շարունակվի մինչև վերջ և ես հույս ունեմ, որ դուք բոլորդ կանգնած եք հանուն այդ վերջնական նպատակի:
Եթե Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն հույս ունեն, թե ստեղծվելու է մի իրավիճակ, որ իրենք կարողանալու են ստվերային կառավարում իրականացնել, ես կոչ եմ անում րոպե առաջ մոռանալ դրա մասին: Ժողովուրդը հաղթել է և այդ հաղթանակը պետք է ճանաչվի անվերապահորեն:
Հայաստանում ատելության մթնոլորտը վերացել է: Ես ուզում եմ դիմել նրանց, ովքեր ճամպրուկներն են հավաքում կամ մտածում են հավաքելու մասին, բոլոր նրանք, քաղաքացիները, գործարարները, որոնք մտածում են, թե սկսվելու է վրեժխնդրությունը, վենդետան և կապիտալը մտածում են Հայաստանից հանել, ասում եմ, հարգելիներս, մի արեք այդ բանը, որովհետև վենդետա չի լինելու, ատելություն չի լինելու, վրեժխնդրություն չի լինելու: Հայաստանում լինելու է ազգային միասնության մթնոլորտ:
Շնորհակալություն եմ հայտնում ԼՂՀ իշխանություններին, որ այս ընթացքում ցուցաբերեցին կատարյալ զգոնություն և չեզոքություն և չտրվեցին սադրանքների:
Մենք ձեռք ենք բերել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ շատ հստակ պայմանավորվածություն՝ բոլոր ձերբակալվածներն ու կալանավորվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն:
Ես նախատեսում են, որ նրանք, մինչև այս միջոցառման ավարտը, պետք է առանց բացառության ազատ արձակվեն:
Հաջորդ փուլում մենք պետք է անդրադառնանք քաղբանտարկյալների խնդրին, և բոլոր քաղբանտարկյալներն ազատ պետք է արձակվեն:
Այս պահից սկսած ոստիկանությունը դադարեցնում է անհապաղ մեր շարժման մասնակիցներին բերման ենթարկելու գործընթացը: Բայց ես նաև ուզում եմ, որ մենք շատ հստակ պայմանավորվենք մի հարցում. մեր այսօրվա տոնակատարությունը ոչ մի տհաճ միջադեպով պետք է չստվերվի: Պետք է ոչ մի ծառի ճյուղի վնաս չհասցվի: Կոչ եմ անում զերծ մնալ ալկոհոլի գործածումից: Դա կարող ենք անել երեկոյան, մեր տներում: Կոչ եմ անում բոցառիկ հարգալից վերաբերմունք բոլոր ոստիկանների և իրավապահ համակարգի նկատմամբ: Միաժամանակ ակնկալում և պահանջում եմ, որ ոստիկանությունը նույնպիսի վերաբերմունք ցուցաբերի Հայաստանի հաղթական քաղաքացու նկատմամբ:
Եթե ոչինչ չպատահի, մեր գործողություններն իրականացնում ենք օրվա գործողությունների համատեքստում: Կոչ եմ անում վաղը, ժամը 15-ին այստեղից քայլերթ կկատարենք Ծիծեռնակաբերդ:
Մեր հեղափոխության առաջին փուլն ավարտված է: Խնդրում եմ ինձ լիազորեք ՀՀ առաջին փոխվարչապետի հետ բանակցել իշխանության անցնցում փոխանցելու շուրջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը