23 04 2018

Հակառակորդը սահմանին մոտ ուժեր է կուտակում



Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ցավով արձանագրում է, որ որոշ հայ օգտատերեր համացանցային տիրույթում փորձում են կասկածի տակ դնել վերջին օրերին արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումների ու տեղաշարժերի վերաբերյալ մեր կողմից տեսագրությամբ ապացուցված հաղորդագրության իսկությունը: 

Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Նշված օգտատերերի «կասկածը փարատելու» համար ԱՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է այսօր առավոտյան ժամը 07.42-ից մինչև 10.01-ն ընկած ժամանակաընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի ուժերի և միջոցների կուտակումների ու տեղաշարժերի մասին վկայող տեսագրությունների հերթական շարքը:

ԱՀ պաշտպանության նախարարությունը հայրենական բոլոր օգտատերերին և, ընդհանրապես՝ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հորդորում է զերծ մնալ հանրապետության ռազմատեղեկատվական համակարգի կողմից տարածվող պաշտոնական տեղեկությունները կասկածի տակ դնելու և, ըստ այդմ՝  անհեռատես ու վտանգավոր հետևանքներով հղի ապատեղեկատվություններ տարածելու հանցավոր գայթակղությունից, քանի որ այն կարող է խարխլել մեր համազգային զգոնությունը: Գիտակցենք, որ այս չափազանց բախտորոշ ժամանակահատվածում մեզնից յուրաքանչյուրից պահանջվում է մեր գործողություններում լինել առավել քան պատասխանատու և քայլ կատարելուց առաջ մտածել Հայրենիքի պաշտպանությունն անխոցելի պահելու մասին: 

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին ևս մեկ տեսանյութ էր հրապարակել Արցախի ՊԲ-ն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ