ՀՀ ԱԺ հատուկ նիստում ընտրվելուց և Հանրապետության նախագահի հրամանագրով վարչապետ նշանակվելուց հետո Սերժ Սարգսյանը օտարերկրյա պետությունների ղեկավարներից, ՀՀ պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից շնորհավորանքներ է ստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Հանրապետության վարչապետին շնորհավորական ուղերձներ են հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Մեծարգո Վարչապետ,
Մեր ողջույններն ու Հայրապետական օրհնությունն ենք բերում Ձեզ և շնորհավորում Հայաստանի Հանրապետության Վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով:
Ազգային ժողովն այսօր Ձեզ ընտրեց Վարչապետ՝ վստահությամբ, որ կառավարման Ձեր բազմամյա փորձառությամբ և նոր հանգամանքով շարունակելու եք Ձեր ջանքերը մեր ժողովրդի կյանքի առաջընթացի ապահովման ու զորացման, հայրենի մեր երկրի խաղաղության ու կայունության պահպանման և միջազգային հարթակներում ազգային շահերը պաշտպանելու գործում։ Մեր երկիրն ու ժողովուրդը տակավին գտնվում են սահմանների անվտանգության ապահովման, արցախյան հիմնախնդրի կարգավորման հրամայականների հանդիման, ինչպես նաև ներքին կյանքի տարբեր դժվարությունների ու խնդիրների առջև: Վճռորոշ այս ժամանակահատվածում, որպես մեր երկրի վարչապետ, վերստին Ձեզ է վիճակված հանձնառությամբ պատասխանատվություն ստանձնել՝ հանուն մեր հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և համազգային մեր իղձերի իրականացման:
Ձեր բարձր առաքելության մեջ մեր Եկեղեցին զորավիգ է Ձեզ՝ ի սեր մեր հայրենիքի հզորության և մեր ժողովրդի լուսավոր գալիքի:
Միածնաէջ Սուրբ խորանի առաջ Մեր հայցն ենք ուղղում առ Բարձրյալն Աստված, որ Տերը օրհնի և զորակից լինի Ձեզ և շնորհի նոր հաջողություններ ու ձեռքբերումներ Ձեր գործունեության ճանապարհին։
Թող Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի Ձեզ և շնորհի քաջառողջ կյանքի երկար տարիներ և ամենայն բարիք»,- ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձում:
***
«Մեծարգո՛ Սերժ Ազատի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ Դուք կանեք հնարավորը Մայր Հայաստանի և Արցախի զարգացման ու զորացման, մեր ժողովրդի պաշտպանունակության ամրապնդման, Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման, համազգային խնդիրների լուծման ուղղությամբ:
Վստահ եմ, որովհետև Դուք պատկանում եք այն մարդկանց թվին, ովքեր ունեն քաղաքական ու պետական գործչի մեծ փորձ ու գիտելիքներ, մեր երկրի համար բախտորոշ ժամանակահատվածում անմնացորդ ծառայել եք հայոց պետականաշինության, մեր հաղթանակների ու հաջողությունների կերտման գործին:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք՝ Ձեր պատասխանատու առաքելության իրականացման ճանապարհին»,-ասված է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում:
***
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական հեռագրում ասված է.
«Հարգելի՛ Սերժ Ազատի,
Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Ձեր նշանակումը այդ պատասխանատու պաշտոնում հաստատում է Ձեր բարձր քաղաքական հեղինակությունը, ինչպես նաև լայն աջակցությունը բարեփոխումների քաղաքականությանը՝ ուղղված Հայաստանի առջև կանգնած սոցիալ-տնտեսական խնդիրների արդյունավետ լուծմանը:
Վստահ եմ, որ կառավարության ղեկավարի պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը, եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների առաջմղմանը:
Իմ կողմից կցանկանայի վերահաստատել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ համատեղ սերտ աշխատանքում շահագրգռվածությունը:
Հարգելի՛ Սերժ Ազատի, սրտանց մաղթում եմ Ձեզ առողջություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը