«Որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,- ասել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:
Կառավարության ղեկավարին տրված հարցն ու պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Պարոն վարչապետ, շաբաթ օրը կայացել է Ձեր հանդիպումը նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ի՞նչ հարցեր են քննարկվել այդ հանդիպման ընթացքում և արդյոք անդրադարձ կատարել եք սպասվող փոփոխություններին, մասնավորապես, ապագա վարչապետի թեկնածության հարցին:
Նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել եմ մեր թիմի կատարած աշխատանքի մասին, քննարկել ենք՝ որտեղ ենք գտնվում, մեր պատկերացմամբ ինչ ապագա ունենք և ինչպես պետք է դրան հասնել: Համոզված եմ, որ մենք իրականում ունենք շատ լավ հնարավորություններ մոտակա տարիներին հաջողություններ արձանագրելու համար: Մեր կանխատեսումներով՝ մենք ունենալու ենք տնտեսական աճ, և քաղաքական երկխոսության պարագայում կարող ենք ֆունդամենտալ, երկար հորիզոնով բարեփոխումներ անել և նաև հստակ պատկերացնում ենք, թե դրանք ինչպես պետք է անենք: Այո, անդրադարձել ենք նաև վարչապետի թեկնածուի վերաբերյալ հարցին, խոսել ենք Սահմանադրության, կառավարման նոր համակարգի մասին: Համակարծիք էինք, որ երկրի առջև կանգնած մարտահրավերների և խնդիրների պարագայում կառավարման նոր համակարգին սահուն անցումը ապահովելը և վերջնական ձևավորումը չափազանց կարևոր խնդիր է: Ինչպես նաև հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով արձանագրված հաջողությունները՝ որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Որովհետև, կրկնում եմ, չափազանց կարևոր է սահուն, արդյունավետ և ռիսկերը նվազեցնելով անցում կատարել կառավարման նոր համակարգին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը