Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 6-ին հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի լրատվականը:
Իտալիայի նախագահը խորհրդանշական է համարել, որ Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի վերջին այցը կայանում է հենց Իտալիա: Սերջիո Մատարելլան երախտագիտություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ նրա պաշտոնավարման ժամանակաշրջանում հայ-իտալական հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար բոլոր մակարդակներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային:
Իտալիայի Նախագահը նշել է, որ Հայաստանը և Հարավային Կովկասն ընդհանրապես, իր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեն: Նա Նախագահ Սերժ Սարգսյանին տեղեկացրել է այս տարվա ընթացքում` հավանաբար ամռանը, Հայաստան այցելելու և հայ-իտալական բարեկամությունը ևս մեկ անգամ վերահաստատելու իր մտադրության մասին: Զրուցակիցների համոզմամբ՝ դա նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների խորացմանը:
Նախագահներ Սարգսյանը և Մատարելլան երկուստեք գոհունակությամբ են խոսել վերջին շրջանում ակտիվացած հայ-իտալական տնտեսական հարաբերությունների մասին՝ փաստելով նաև ապրանքաշրջանառության ծավալների աճը: Այս համատեքստում կարևորվել է հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի ձևավորումն ու գործունեությունը, որի անդրանիկ նիստը տեղի է ունեցել ընդամենը մի քանի ամիս առաջ: Նախագահ Սերջիո Մատարելլան նշել է, թե ուրախ է, որ Հայաստանի տնտեսության մեջ իտալական ներդրումները գնալով աճում են՝ այս պահին կազմելով շուրջ 200 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանյան շուկայում իտալական ընկերությունների ներկայացվածությունը, նրա դիտարկմամբ, ևս մեծանում է:
Խոշոր ներդրումների շարքում Սերժ Սարգսյանը հատկապես նշել է Երևանում իտալական «Ռենկո» և գերմանական «Սիմենս» ընկերությունների ներդրումային ծրագիրը, որի շրջանակներում կկառուցվի տարածաշրջանում իր մեծ արդյունավետությամբ առանձնացող ՋԷԿ: Իտալիայի նախագահը դա համարել է տնտեսական ոլորտում փոխգործակցության գերազանց օրինակ:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը: Իտալիայի Նախագահը շնորհավորել է Հայաստանին՝ այդ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ:
Սերջիո Մատարելլան այս կապակցությամբ նշել է, որ Հայաստանը առաջատար դեր ունի որպես համագործակցության կամուրջ և, իրոք, վառ օրինակ է, որտեղ Արևելքը և Արևմուտքը ոչ թե հակադրվում են, այլ՝ մեկ ամբողջություն են: Հայաստանի օրինակը, ըստ Իտալիայի նախագահի, նաև լավ ազդակ է, թե որքան օգտակար կարող է լինել համագործակցությունը բոլորի համար: Ըստ նրա, այսկերպ հնարավոր կլինի հարաբերություններ հաստատել նաև ԵԱՏՄ երկրների հետ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Ընդգծելով, որ Հայաստանն աջակցում է 2018թ. ԵԱՀԿ-ում իտալական նախագահության առաջնահերթություններին՝ Սերժ Սարգսյանը կարևորել է ԵԱՀԿ սկզբունքներին համահունչ՝ Իտալիայի հավասարակշռված մոտեցումը հիմնախնդրի կարգավորման հարցում, ինչպես նաև աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին ու նրանց մոտեցումներին:
Իտալիայի նախագահը շեշտել է, որ իր երկիրը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ լուծմանը և չի պատրաստվում բանակցությունների այլ ձևաչափ քննարկել՝ հույս ունենալով, որ կազմակերպությունը հակամարտող կողմերի հետ միասին կգտնի լուծման ճիշտ ճանապարհ, և հիմնախնդիրը փոխզիջումների ճանապարհով հնարավորինս շուտ կլուծվի: Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության առաջնահերթություններից մեկն էլ ձգձգվող հակամարտությունների լուծումն է:
Սերջիո Մատարելլան, Նախագահ Սարգսյանից տեղեկանալով, որ մի քանի օրից Հայաստանը լիովին անցնում է խորհրդարանական կառավարման համակարգին, նշել է, որ հիացմունքով է հետևում, թե որքան սահուն է կատարվում այդ անցումը կառավարման մի համակարգից մյուսին: Սերժ Սարգսյանը նշել է, որ խորհրդարանական հանրապետության անցնելու համար Հայաստանին օրինակ է ծառայել նաև Իտալիան, որի սահմանադրական որոշակի սկզբունքներ կիրառվել են նաև մեր երկրում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը