28 03 2018

Ի՞նչ է փոխվել Ֆեյսբուքի նոր կարգավորումներով

Ի՞նչ է փոխվել Ֆեյսբուքի նոր կարգավորումներով

Ֆեյսբուքը մշտադիտարկում է մեր էլեկտրոնային նամակագրությունը: Այս մասին մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, դա չի նշանակում, որ ինչ-որ մարդիկ նստած կարդում են մեր նամակագրությունը, բայց ռոբոտներն անընդհատ զննում են դա.

«Օրինակ ֆեյսբուքն ունի ինքասպանությունների կանխարգելման ծրագիր, որ փորձում է մեսինջերի գրառումների հիման վրա հասկանալ՝ արդյոք մարդը նման փորձ է ուզում անել և դիմի ընկերներին: Դա դեռ միայն անգլերեն է գործում: Բոլոր դեպքերում նամակներն ընթերցվում են: Դուք կարող եք օգտագործել չընթերցվող չաթի ծառայությունից, բայց այդ դեպքում էլ ավելի հետաքրքիր եք դառնում հատուկ ծառայությունների համար: Այդ դեպքում՝ ձեր նամակագրությունը ընթեռնելի չէ ֆեյսբուքի համար»,- ընդգծեց Սամվել Մարտիրոսյանը:

Փորձագետը նշեց, որ օգտատերերը անձնական տվյալները պաշտպանելու համար շատ բան անել հնարավոր չէ, պարզապես պետք է կարողանաս ինքնուրույն տեղեկատվությունը զտել:

Սամվել Մարտիրոսյանը անդրադարձավ նաև ֆեյսբուք սոցիալական ցանցի նոր կարգավորումներին: Նա նշեց, որ ֆեյսբուքն ինքն է որոշում, թե որ նյութը մենք տեսնենք մեր ֆեյսբուքյան պատին՝ մեր մասին ունեցած իր տեղեկատվության հիման վրա: Միևնույն ժամանակ ավելացրեց, որ սա վտանգավոր երևույթ է հասարակական կարծիքի ձևավորման հարցում: Ֆեյսբուքի նոր կարգավորումներով նվազել են նաև նորությունների էջերի ցուցադրումները: Մարտիրոսյանի խոսքով դա արվել է հոգեբանական ուսումնասիրությունների արդյունքում: Երբեմն լուրերը դեպրեսիայի պատճառ են դառնում: Նա հորդորեց նաև միևնույն լուրը շատ խմբերում չտարածել, որովհետև այժմ ֆեյսբուքը իտարկում է նյութ-մեկնաբանություն-շեյր հարաբերություններով:

Փորձագետը խոսեց նաև տարբեր թեստերի մասին՝ նշելով, որ դրանք լրացնելու ժամանակ անձնական տվյալներ են տրամադրվում: Նրա ներկայացմամբ, բոլոր սոցցանցերն են մեզնից այդ տվյալները «քերում տանում» են, այլ հարց է, թե դա ինչպես են օգտագործում: Հատկանշական է, որ ֆեյսբուքը մարդկանց տվյալները հավաքագրում է ոչ միայն գրանցված օգտատերերից.

«Եթե դուք ֆեյսբուքում չկաք, բայց այցելում եք կայքեր, որտեղ կա ֆեյսբուքի like-ի ու share-ի կոճակներ, ֆեյսբուքը ձեզ իդենտիֆիկացնում է, ստեղծում է այսպես կոչված ստվերային պրոֆիլ եւ նույն ձևով սկսում է հետևել, թե ով է այդ անձը, ինչով է հետաքրքրվում և այլն: Այսինքն բավարար չէ, որ դուք ջնջվեք ֆեյսբուքից, միևնույն է ձեր մասին տվյալները շարունակելու են հավաքագրել: Նույնը անում է Google-ը:

Ֆեյսբուք սոցիալական ցանցը ատելության խոսքը սահմանափակելու համար բառերի ցանկ է մշակել, որոնց դեպքում՝ մարդուն արգելափակում է: Հիմա այդ ցանկում է նաև «ազեր» բառը: Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ այստեղ լուրջ խնդիր կա, որ վերաբերում է խոսքի ազատությանը.

«Բանն այն է, որ նրանք օրենքը կիրառում են հետին թվով, այսինքն նոր մտցված սահմանափակումը կիրառում են 7-8 տարի առաջ արված գրառման վրա: Սրա հետևանքով լրագրողների շատ լուրջ տոկոս գտնվում է արգելափակման մեջ, փաստացի ֆեյսբուքն իր բթամիտ գործողություններով ազդում է խոսքի ազատության վրա, էլ չեմ ասում, որ մարդկանց բիզնեսին է խփում»,- ասաց փորձագետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ