26 03 2018

Եվրոպական մի շարք երկրներ և ԱՄՆ-ն արտաքսում են ռուս դիվանագետներին

Եվրոպական մի շարք երկրներ և ԱՄՆ-ն արտաքսում են ռուս դիվանագետներին

Եվրամիության 28 անդամ երկրներից 14-ը որոշել է արտաքսել ՌԴ դիվանագետներին՝ ի նշան «Սկրիպալի գործով» Լոնդոնի հետ համերաշխության: Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Արդեն այսօր ԵՄ 14 երկիր որոշել է արտաքսել ռուս դիվանագետներին»,- ասել է նա լրագրողներին:

Տուսկը չի նշել այդ որոշումը կայացրած ԵՄ երկրները, ինչպես նաև արտաքսվող դիվանագետների թիվը: Բայց Լեհաստանի ԱԳՆ-ն արդեն տեղեկացրել է Վարշավայում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևին ռուս դիվանագետներին արտաքսելու որոշման մասին: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի դեսպանները կանչվել են Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարություններ:

 ԱՄՆ-ն նույնպես որոշում է կայացրել 60 ռուս դիվանագետի արտաքսման և Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակման մասին՝ ի նշան «Սկրիպալի գործով» Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ համերաշխության: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ վարչակազմից պաշտոնյան: Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն արտաքսում է ՌԴ դիվանագիտական առաքելությունների 48 աշխատակիցների և ՄԱԿ-ում առաքելության ևս 12 աշխատակցի:

Գերմանիայի արտգործնախարարությունը հայտարարել է «Սկրիպալի» գործի առնչությամբ չորս ռուս դիվանագետի արտաքսման մասին: Ռուս դիվանագետների արտաքսման մասին են հայտարարել նաև Ֆրանսիան,  Ուկրաինան, Լատվիան, Էստոնիան, Չեխիան, Նիդեռլանդները, Դանիան: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման առնչությամբ: Նա հայտարարել էր նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Բացի այդ, չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը: Մեյը նաև հայտնել էր, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ