19 03 2018

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է ստանում

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է ստանում

ՌԴ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Վլադիմիր Պուտինը ստանում է շնորհավորանքներ պետությունների առաջնորդներից:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում ասվում է. «Հարգելի' Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծորեն և սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Կայացած քվեարկության արդյունքները վկայում են երկրի համակողմանի զարգացմանը, տնտեսության արդիականացմանը և գլոբալ գործընթացներում դերակատարության շարունակական բարձրացմանն ուղղված` Ձեր ղեկավարությամբ իրականացվող քաղաքականության նկատմամբ Ռուսաստանի քաղաքացիների լայն աջակցության մասին:

Հայաստանին և Ռուսաստանին միավորում է եղբայրական ժողովուրդների` ժամանակի փորձություն անցած բարեկամությունը: Բարձր մակարդակի ինտենսիվ քաղաքական երկխոսության, արտաքին քաղաքական կոորդինացման, անվտանգության ոլորտում արգասաբեր համագործակցության, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխշահավետ ծրագրերի համատեղ իրականացման շնորհիվ մեր երկրների դաշնակցային հարաբերությունները վերջին տարիներին էլ ավելի են ամրապնդվել:

ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ բազմակողմ հարթակներում փոխգործակցությունն էապես հարստացնում է հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ողջ համալիրը: Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Ռուսաստանի կարևոր և հետևողական միջնորդական ջանքերը՝ այդ թվում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր:

Մենք հետագայում ևս հաստատակամորեն մտադիր ենք համակողմանի զարգացնել Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշնակցային հարաբերությունները միջպետական փոխգործակցության բոլոր ուղղություններով, ինչը բխում է մեր ժողովուրդների արմատական շահերից՝ տարածաշրջանային անվտանգության և Հարավային Կովկասում կայունության ապահովման նպատակներից»:

 

Պուտինին շնորհավորական ուղերձներ են հղել նաև Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և այլ առաջնորդներ: Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը մարտի 18-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթել է 7 մրցակիցներին ՝ հավաքելով 76,67% ձայն՝ քվեաթերթիկների 99,75%-ի հաշվարկից հետո:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ