ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանն «Առավոտ»-ին տված հարցազրույցում պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ ապագա վարչապետի աշխատակազմի կառուցվածքի և հաստիքների վերաբերյալ: Արմեն Գևորգյանը նշել է, որ հիմնական փոփոխությունը, որ վերաբերել է ՀՀ նախագահի աշխատակազմին, նստավայրի փոփոխությունն է: Ազգային ժողովի կողմից համապատասխան օրենքն ընդունվելուց հետո Հանրապետության նախագահը ապրիլի 9-ից սկսած կաշխատի Մաշտոցի 47 հասցեում գտնվող վարչական շենքում: Այժմ շենքում փոփոխություններ են կատարվում՝ անհրաժեշտ աշխատանքային պայմաններ ապահովելու համար:
Ինչ վերաբերում է բուն աշխատակազմին, ապա հիմնական փոփոխություններն իրականացվելու են աշխատակազմի կառուցվածքի և հաստիքացուցակի մասով: Ապագա կառուցվածքից բացակայելու են որոշ ստորաբաժանումներ՝ պայմանավորված նոր Սահմանադրությամբ նախատեսված՝ նախագահի լիազորությունների փոփոխությամբ: Առաջարկվում է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի հաստիքային միավորների թիվը չգերազանցի 155-ը, իսկ վարչապետինը՝ 600-ը:
Միևնույն ժամանակ, Գևորգյանը նշել է, որ փոփոխությունից հետո ստացվող 755 հաստիքները 68-ով պակաս են լինելու այսօրվա գործող 823 հաստիքներից, որոնց մեջ ներառված են նաև Քաղաքացիական ծառայության խորհուրդը և նրան սպասարկող աշխատակազմը՝ 7 + 70 հաստիքներով և միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը, որտեղ հաստիքների թիվը այսօր 37 է:
Անդրադառնալով գործող կառավարության աշխատակազմի և ձևավորվելիք վարչապետի աշխատակազմի միջև եղած տարբերություններին՝ Արմեն Գևորգյանը նշել է, որ վարչապետի աշխատակազմն ունենալու է այնպիսի կառուցվածք, որը թույլ է տալու սպասարկել ոչ միայն վարչապետի ամենօրյա աշխատանքը, այլև համապատասխան փոխվարչապետների աշխատանքը:
Վերջիններիս սպասարկման համար ստեղծվելու են համապատասխան գրասենյակներ: Վարչապետի աշխատակազմում ստեղծվելու է գրասենյակ, որն իրականացնելու է քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ կառավարությանը և համակարգող փոխվարչապետին վերապահված լիազորությունները:
Լինելու են ստորաբաժանումներ, որոնք զբաղվելու են տեսչական մարմինների բարեփոխումների, միջազգային տնտեսական ինտեգրման հարցերով: Ուժեղացվելու են հեռանկարային վերլուծական գործառույթները, բացի այդ` շարունակելու են գործել բոլոր այն ստորաբաժանումները, որոնք ավանդաբար կատարել են որոշակի գործառույթներ:
Նյութն ամբողջությամբ կարացեք սկզբնաղբյուր կայքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը