ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան հայտարարել է, որ գլխավոր հետախուզության վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին թունավորած զենքի մատակարարը կարող է լինել հենց Մեծ Բրիտանիան: Այս մասին պաշտոնյան հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ, որը հրավիրել էր Մեծ Բրիտանիան:
Նրա խոսքով՝ 1990-ականներին արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում Մեծ Բրիտանիան Ռուսաստանից քիմիական զենքի մշակմամբ զբաղվող մասնագետների են տարել իրենց մոտ և հետագայում շարունակել աշխատանքներն այս ուղղությամբ:
Ռուս դիվանագետը նշել է, որ քիմիական զենքի մշակումը և արտադրությունը կատարվել է Բրիտանիայի պաշտպանության նախարարության կենտրոնի հիմքի վրա՝ Պորտոն Դուայում, որտեղ 2018 թ. մարտին հայտնաբերվել է այն թույնը, որով թունավորել են Սկրիպալին:
Նեբենզիան ընդգծել է՝ քիմիայի ոլորտի մասնագետները նշում են, որ տվյալ նյութի նույնացման համար համար բրիտանական կողմին բավարար էր ունենալ գազի նմուշ և դրա բանաձևը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան, գլխավոր հետախուզության վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման դեպքի առիթով դադարեցրել է Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ շփումները: Այս մասին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հայտարարել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը:
Մոսկվան ՌԴ-ից կարտաքսի բրիտանացի դիվանագետներին՝ Մեծ Բրիտանիայի գործողություններին ի պատասխան: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Նախարարն ասել է, որ արտաքսումը տեղի կունենա շուտով:
Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:
Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:
Բրիտանիան Ռուսաստանին մեղադրում է Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը