ՌԴ նախագահի թեկնածուների հերթական բանավեճի ժամանակ, որը կազմակերպվել էր Ռուսական «Ռոսիա-1» հեռուստաալիքով՝ Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդման շրջանակներում, թեկնածու Քսենիա Սոբչակը դժգոհել է, որ իրեն հատկացված ժամանակը չի կարողանում տնօրինել, քանի որ մյուս թեկնածուները մշտապես ընդհատում են իրեն, իսկ թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին՝ ամբողջ ժամանակ վիրավորում:
Հաղորդավարը համաձայնել է, որ դա սարսափելի է, բայց հիշեցրել է, որ բանավեճի օրենքն է այդպիսին:
Սոբչակի նյարդերը տեղի են տվել, և նա հեռացել է տաղավարից:
Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի»-ն, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից նախագահ թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին Telegram-ի իր էջում գրել է, թե քաղաքական գործիչը պետք է պատրաստ լինի կոշտ կանոններին. «Եթե ռուս քաղաքական գործիչը պատրաստ չէ կոշտ կանոնների, նա ավելի լավ է՝ կարիերա չսկսի: Ավելի հեշտ է հարցեր տալ որպես լրագրող կամ նկարահանվել ժամանցային շոուներում, որովհետև դրանց ժամանակ ոչ ոք չի վիրավորի»:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի ընտրությունները կկայանան մարտի 18-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը