ՀՀ նոր կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, 2 փոխվարչապետերից և 17 նախարարներից, հանվել է Միջազգային ինտեգրման ևբարեփոխումների նախարարությունը: Այս մասին մարտի 6-ին ԱԺ արտահերթ նիստում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և հարակից օրենքների փաթեթը ներկայացնելիս նշեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Պատասխանելով հարցին, թե ինչու է կառավարությունը որոշել հանել Միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը, փոխարենը պահել Սփյուռքի նախարարությունը՝ Հարությունյանը նշեց, որ դա քաղաքական նպատակարահրմարության խնդիր է:
«Կառավարությունն է որոշում, թե ինչպես վերաբաշխել կառավարության լիազորությունները նախարարությունների միջև: Կան երկրներ, որոնք ունեն ընդամենը 7 նախարարություն, կան երկրներ որոնք ունեն 60: Յուրաքանչյուր դեպքում որոշում է կառավարությանը: Սա այն առանձնահատուկ որոշումն է, որ կարող է ԱԺ ներկայացնել միայն կառավարությունը՝ ելնելով նրանից, թե ինչպես է իր աշխատանքը պատկերացնում ավելի արդյունավետ»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով, Սփյուռքի նախարարության դեպքում իրենք համարում են, որ քաղաքականության անհրաժեշտություն կա. «Կարելի՞ էր արդյոք Սփյուռքի նախարարությունը միավորել այլ նախարարության, իհարկե, կարելի էր: Այս պահին այս մոդելն ենք նպատակահարմար համարում»,-ասաց նա:
Նախագծով սահմանվել են նաև այն դեպքերը, երբ վարչապետը պարտավոր է ներկայացնել հրաժարական, մասնավորապես, երբ կորցրել է քաղաքացիությունը, ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն կամ խախտել է օրենքով նախատեսված անհամատեղելիության պահանջները: Վարչապետը նաև կարող է զրկվել իր լիազորություններից, եթե ընտրվելուց հետո 5-օրյա ժամկետում կառավարության կազմավորման համար անհրաժեշտ թվով թեկնածուներ չներկայացնի։
«Ամրագրվել են աշխատակազմի վերաբերյալ դրույթներ։ Փոխվարչապետերին սպասարկելու է համապատասխան գրասենյակը», - հայտնեց Հարությունյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ հստակեցվել է նաև կառավարությանը, նախարարություներին և վարչապետին ենթակա մարմինների շրջանակը, որտեղ ևս երեք նոր մարմիններ են ներառվել՝ պետական արարողակարգի, պետական վերահսկողության և պետական պահպանության ծառայությունները։
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նախարարից հետաքրքրվեց` ի՞նչ հիմնավորմամբ են որոշել, որ նիստերը պետք է դռնփակ անցկացվեն, հավելելով, որ նույն տրամաբանությամբ` ԱԺ նիստերը կարող են փակել:
Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ էական տարբերություն կա օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև: Ըստ նրա` օրենսդիր մարմինը երբեք չի գործում կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքով։
«Դրանով է պայմանավորված դռնփակ նիստեր անցկացնելու որոշումը։ Գործադիր իշխանությունում դա ժողովրդավարական տարր է»,- ասաց նախարարը` կրկին պնդելով, որ դռնփակ նիստերի ժամանակ բանավեճերը հնարավոր կդառնան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը