02 03 2018

Վրաստանի վարչապետի այցը Հայաստան և հանդիպումները. Լուսանկարներ, տեսանյութեր

Վրաստանի վարչապետի այցը Հայաստան և հանդիպումները. Լուսանկարներ, տեսանյութեր

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլին: «Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Կումսիշվիլին, փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն, պաշտոնատար այլ անձինք: 

 

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո երկու երկրների կառավարության ղեկավարներն ուղևորվել են ՀՀ կառավարություն, որտեղ տեղի է ունեցել կառավարությունների ընդլայնված կազմով նիստ:

 

 

Հայ-վրացական կառավարությունների ղեկավարները բանակցությունների արդյունքներն ամփոփել են հայտարարություններով:

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Հանրապետության Նախագահը և Վրաստանի վարչապետը առանձնազրույցի ժամանակ քննարկել են հայ-վրացական երկկողմ հարաբերությունների զարգացմանը և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Ողջունելով հյուրին՝ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում ուրախ են հյուրընկալելու բարեկամ Վրաստանից ժամանած պատվիրակություններին: Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ բարձր մակարդակով տեղի ունեցող հայ-վրացական հանդիպումները՝ միտված երկկողմ բարեկամության ամրապնդմանն ու առկա ընթացիկ խնդիրների լուծմանը, մշտապես անցնում են փոխվստահության մթնոլորտում:

«Հարգելի՛ պարոն վարչապետ,

Վստահ եմ, որ շնորհիվ նաև այս հանդիպումների, ավելանում է մեր առևտրաշրջանառությունը, ամրապնդվում է համագործակցությունը տնտեսության, մշակույթի և մյուս բոլոր ոլորտներում: Արդյունքներն ակնառու են և չափելի, ու դա շատ կարևոր է: Վստահ եմ, որ Ձեր այցը ևս իր ներդրումն է ունենալու մեր երկրների միջև փոխգործակցությունը որակապես նոր և ավելի բարձր մակարդակի հասցնելու, երկկողմ հարաբերություններն ամրապնդելու գործում:

Այս տարի մենք Հայաստանում անցկացնելու ենք մի քանի խոշոր միջոցառումներ, որոնցից հատկապես ուզում եմ ընդգծել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը, որին, հուսով եմ՝ Վրաստանը կմասնակցի բարձր մակարդակով: Բարով եք եկել Հայաստան»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, թե ուրախ է գտնվելու հարևան և բարեկամ Հայաստանում: Վրաստանի վարչապետը նույնպիսի գոհունակությամբ է արձանագրել, որ 2017 թվականը նշանավորվել է հայ-վրացական փոխադարձ բարձր մակարդակի այցերով: Հայաստանի Նախագահի, մինչ այդ վարչապետի այցերը, իսկ այժմ իր պատասխան այցը Հայաստան, Գիորգի Կվիրիկաշվիլիի համոզմամբ, վկայում են կայուն զարգացման դինամիկա ունեցող հայ-վրացական հարաբերությունների մասին:

«Հարգարժա՛ն պարոն Նախագահ, մենք պարոն վարչապետի հետ քննարկել ենք տնտեսական հարաբերություններին և համագործակցության մեր հետագա քայլերին վերաբերող հարցեր: Ինչպես Դուք նշեցիք՝ հոբելյանական տարի ունենք. այս տարի մենք երկուստեք նշում ենք մեր հանրապետությունների հռչակման 100-ամյակը, և հուսով եմ, որ բարձր մակարդակով կնշենք այդ կարևոր հոբելյանը: Դուք խոսեցիք Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման մասին, ես տեղյակ եմ, որ Վրաստանն այդ միջոցառմանը կմասնակցի բարձր մակարդակով: Հուսով եմ՝ մեր հանդիպումները շարունակական կլինեն, մեր հարաբերություններն էլ ավելի կխորանան: Դրա համար հույս և հավատ են ներշնչում նաև փոխադարձ այցերը»,- ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Առանձնազրույցից հետո Նախագահի նստավայրում բանակցությունները շարունակվել են աշխատանքային ճաշի ձևաչափով՝ Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության անդամների մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետը Հայաստան պետք է այցելեր 2017թ. դեկտեմբերի 1-ին, սակայն վերջին պահին հետաձգվեց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ