08 02 2025

ԱՄՆ նորընտիր նախագահն ամեն օր ցնցում է աշխարհն իր սենսացիոն որոշումներով. Գարիկ Քեռյան

ԱՄՆ նորընտիր նախագահն ամեն օր ցնցում է աշխարհն իր սենսացիոն որոշումներով. Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱՄՆ նորընտիր նախագահը ամեն օր ցնցում է աշխարհը, օր օրի զարմացնելով իր սենսացիոն որոշումներով: Հիշում եք ոչ վաղ անցյալում ՀՀ իշխանությունները ինչպես ստորագրեցին Հռոմի ստատուտը և միացան Միջազգային քրեական դատարանին, որի որոշումները Ադրբեջանը պարզապես նետում էր աղբարկղը, ծիծաղելով մեր միամտության վրա: Դա այն ժամանակ էր, երբ հույս ունեինք, որ Արցախի հարցում լրացուցիչ ճնշում կապահովենք: Մեդիադաշտը փոթորկող արևմտամետ «փորձագետները», ավելի ճիշտ փորձանքագետներն էլ ազդարարում էին, որ վճռական քայլ է կատարվել ՀՀ անվտանգության և միջազգային սուբյեկտայնության ճանապարհին: Առավել համեստ և ծանրակշիռ դատողությամբ մարդիկ էլ ասում էին մի արեք նման անհեռատես քայլ, մի փչացրեք հարաբերությունները հարևանների հետ, որոնք չեն միացել Հռոմի ստատուտին: Առավել արմատական հակառուսներն էլ քննարկում էին Պուտինին ձերբակալելու մասին Հաագայի միջազգային քրեական դատարանի որոշման իրականացման սցենարները: Ահա հայ քաղաքական մտքի անիրատեսականության մակարդակը: Եվ խնդրեմ հայ վիլսոնասեր և եվրոպամետ հանրության համար հերթական նորությունը . «Թրամփը պատժամիջոցներ է կիրառել Միջազգային քրեական դատարանի դեմ», ըստ Ամերկայի ձայնի հաղորդագրության:

Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ պատժամիջոցներ է սահմանել այն անձանց դեմ, ովքեր ներգրավված են Միջազգային քրեական դատարանի կողմից ԱՄՆ քաղաքացիների կամ դաշնակիցների հետաքննության մեջ:

Հաագայի դատարանը, ըստ Թրամփի վարչակազմի, կատարել է «անօրինական և չարդարացված գործողություններ Ամերիկայի և մեր մերձավոր դաշնակից Իսրայելի դեմ»։ Սպիտակ տան մամուլի հաղորդագրության համաձայն՝ պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձինք կարող են բախվել գույքի և ակտիվների արգելափակման և ԱՄՆ մուտք գործելու հնարավորության կորստի հետ։ ԱՄՆ մուտքի սահմանափակումները կտարածվեն նաև նրանց անմիջական ընտանիքի անդամների վրա։

Միացյալ Նահանգները և Իսրայելը ներկայումս դատարանի անդամ չեն կամ չեն ստորագրել Հռոմի ստատուտը, պայմանագիրը, որը 1998 թվականին ստեղծեց ՄՔԴ-ն: Փաստորեն վնասեցինք ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններին, այլև հայտնվեցինք շատ անհարմար վիճակում ամերիկյան կողմի հետ: Այսպես է լինում, երբ քաղաքականության մեջ գտնվում ես լիբերալ արմատական/հարձակողական եվրոբյուրոկրատիայի ազդեցության տակ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ