Հովիկ Աղազարյանը և ես ձեր աջակցության կարիքն ունենք, «Միասնական ազգային սահմանադրական կուսակացության» հիմնադիր համագումարին հայտարարեց նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
«Այս ընթացքում մենք ենթարկվել ենք ու ենթարկվում ենք լուրջ ճնշումների մեր նախկին թիմակիցների կողմից։ Իմ նախկին աշակերտն ինձ մեղադրելով թիմին դավաճանելու մեջ, ինձ համեմատեց ամերիկյան բանակի գեներալ Բենեդիկտ Առնոլդի հետ։ Համեմատության իմաստն այն էր, որ, իբր, ինքն է ինձ բերել ՔՊ, աճեցրել են, դիրքի են հասցրել, իսկ ես դավաճանել եմ»,-հայտարարեց Հակոբ Ասլանյանը։
Նա նշեց, թե մինչ ՔՊ-ական դառնալը բավական երկար քաղաքական ճանապարհ է անցել։
«2017-ին, երբ ՔՊ-ն «Ելք» դաշիքնով մասնակցում էր ԱԺ ընտրություններին և ուներ կադրային լուրջ խնդիր, Մխիթար Հայրապետյանը շատ լավ էր ճանաչում ինձ, ամեն առիթով հպարտանում էր, ներկայացնում ինձ, իմ անցյալ ուղին, արցախյան բոլոր պատերազմներին իմ մասնակցությունը, որպես ուսուցիչ իմ գիտելիքները և դրանք մատաղ սերնդին փոխանցելու կարողությունները, իմ սկզբունքայնությունն ու անկաշառությունը: Ինձ այդ ժամանակ առաջարկվեց միանալ թիմին և առաջադրվել որպես պատգամավոր:
Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 861 ձայն ստացա և դա լուրջ արդյունք էր, իսկ արդեն 2019 թվականին ես ստացա ավելի քան 3,500 ձայն, այս դեպքում, իհարկե, մեծ էր վարչապետի գործոնը, բայց կներեք, ես էլ ուսապարկ չէի»,- պատմեց պատգամավորը:
Ապա Ասլանյանը նշեց, որ ինքն ու Հովիկ Աղազարյանն ամեն ինչ արել են, որ ապահովեն ՔՊ-ում առողջ, անկաշկանդ մթնոլորտ:
«Ցավոք սրտի, մեզ չհաջողվեց ուսապարկիզացիայից դուրս գալ: Այդ գործընթացը հասավ իր տրամաբանական արդյունքին, և մենք այսօր ունենք մեկ անձի իշխանություն: «Քաղաքացիական պայմանագրի» թիմը արդեն գոյություն չունի, որովհետև մարդկային այն համախումբը, որտեղ ամեն ինչ արվում է մեկ անձի կամքով, չի կարող թիմ համարվել»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը